Արմինֆո.Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու վերաբերյալ հրամանը տարբեր հարկ վճարողների մոտ առաջացրել է տարընթերցումներ, ինչի առնչությամբ, ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը սահմանվել է 60000 դրամ` ներքոհիշյալ տնտեսվարողների համար.
ա. կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր և նոտարներ, որոնց համար օրենսգրքի համաձայն հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր էր 2019 թվականի հունվարի 1-ից,
բ. 2019 թվականի հունվարի 1-ից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր,
գ. 2019 թվականի ընթացքում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկերից ազատման արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերեր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նոր սերնդի ՀԴՄ-ները 60000 դրամով կարող են ձեռք բերել նաև 2019 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 1-ից բացառապես արտոնագրային հարկ վճարողները:
«Նախկինում գործող` 160000 դրամը կպահպանվի վերը չնշված կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար (բացառությամբ բացառապես արտոնագրային հարկ վճարողների): Ի դեպ, տեղեկացնենք, որ 2019թ. փետրվարի 13-ի դրությամբ` նախկինում ՀԴՄ ձեռք բերելու դիմում ներկայացրած շուրջ 1500 տնտեսվարողի համար արդեն իսկ վերահաշվարկ է կատարվել և գործընթացն ավարտին հասցնելու ակտիվ աշխատանքներ են կատարվում, իսկ ևս 1000 հայտ բավարարվել է, այսինքն` ներկայանալու դեպքում նրանք ևս ՀԴՄ-ները կստանան 60000 դրամով: Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ վերահաշվարկ կատարելու համար հարկ վճարողները պետք է ներկայացնեն հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման նոր հայտ` [email protected] էլեկտրոնային հասցեին: Դիմումի ձևերին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքէջում` http://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=5606 էլեկտրոնային հասցեով՚, - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով ՊԵԿ-ը, հաղորդել էր, կառավարությունը կսուբսիդավորի նոր ՀԴՄ-ների 158 հազար դրամ ինքնարժեքի և դրա 60 հազար վաճառքի գնի միջև տարբերությունը` այդ նպատակին ուղղորդելով շուրջ 5 մլն դոլար:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ