Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ն շարունակում է սակագնային մարժայի մեծության շուրջ բանակցությունները, ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ընկերության մամուլի քարտուղար Միքայել Հարությունյանը:
Նրա ասելով, հնարավոր է, որ բանակցությունների արդյունքում գտնվեն կողմերի համար ընդունելի լուծումներ: Միևնույն ժամանակ, մամուլի քարտուղարը չի մեկնաբանել 1500 մարդու կրճատման վերաբերյալ «անանուն աբղյուրների՚ վկայակոչմամբ մի շարք ԶԼՄ-ների հրապարակած տեղեկատվությունը:
Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հաղորդել էր, թե ակնկալում է, որ սակագնային մարժայի մեծության շուրջ բանակցությունների արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն ընկերության նորմալ գործունեությունը եւ սպառողների հուսալի եւ անվտանգ գազամատակարարումը: Այդ մասին ասվում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ` ի պատասխան ԱրմԻնֆո-ի հարցման, որն առնչվում էր սակագնային մարժայի կրճատման հնարավորությանն ու, որպես հետևանք, ռուսական գազի արժեքի բարձրացման առնչությամբ ընկերության ներդրումային ծրագրի ծավալների հնարավոր նվազմանը:
«Հայաստանին մատակարարվող բնական գազի գների փոփոխության առնչությամբ քննարկումներ են անցկացվում էներգետիկ ոլորտում ՀՀ կառավարության լիազորված մարմնի, կարգավորող մարմնի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ միջև` շահագրգիռ հասարակական կազմակերպությունների եւ համապատասխան մասնագետների մասնակցությամբ` սակագնային մարժայի մեծության վերաբերյալ համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով: Ընկերության սակագնային մարժան պետք է ներառի դրա հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշները, որոնք ներառված են ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների կառուցվածքում», - ասվում էր ընկերության հաղորդագրիությունում:
ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների կարծիքով, «Գազպրոմի» եւ Հայաստանի իշխանությունների միջեւ նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մարժայի կրճատման, սակայն, չեն դառնա ճգնաժամային: Բայց «Գազպրոմի» կողմից «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրած զեղչերի մասնակի չեղարկումը կարող է հանգեցնել «Գազպրոմի» հայաստանյան մասնաճյուղի ներդրումային ծրագրի կրճատման:
2019-2021 թվականների ներդրումային ծրագրի նախագծին համապատասխան, ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 29,598.4 մլն դրամ (առանց ԱԱՀ-ի): «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը նախատեսում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնում, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի նոր օբյեկտների կառուցում, ժամանակակից տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ձեռք բերում եւ ներդրում, նոր բաժանորդների միացում, անվտանգության համակարգերի տեղադրում եւ այլն: Ինչպես ավելի վաղ նշել էր ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը, մինչև 2030 թիվը Հայաստանի գազափոխադրման համակարգի արդիականացման գործում ներդրվելու է 480 մլն դոլար:
Հիշեցնենք, որ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 31-ին ստորագրել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը գազի մատակարարման պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիր: Վրաստանի հետ սահմանին Հայաստանի համար գազի գինը 2019 թվականի սկզբից ավելացել է 10% -ով` մինչեւ 165 դոլար 1000 խմ դիմաց: 2016 թվականի համաձայնագրով հազար խորանարդ մետրի դիմաց գինը կազմում էր 150 դոլար: «Գազպրոմը՚ Հայաստանի սպառողներին գազի միակ մատակարարն է: Հանրապետությունը գազ է ստանում նաև Իրանից, սակայն այն օգտագործում է բարտերային գործարքի տեսքով` երկում արտադրվող էլեկտրաէներգիայի դիմաց: «Գազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ հետ 2013 թվին պայմանագիր էր կնքվել 2014-2018թթ. տարեկան մինչև 2,5 մլրդ խմ գազի մատակարարման շուրջ: 2018 թվականի ինն ամիսներին «Գազպրոմն՚ արտահանել է 1,37 մլրդ խմ գազ: