Արմինֆո. Վերջին տարիներին Ամերիաբանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ավելի քան 100 մլն դոլար է ներգրավել էներգաարդյունավետության նախագծերի համար:
Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ամերիաբանկի կորպորատիվ վարկավորման վարչության ղեկավար Վահան Քաջայանը` կանաչ ֆինանսավորման գծով ՎԶԵԲ լավագույն գործընկերների պարգևատրմանը նվիրված միջոցառման հարթակներում: Նրա ասելով, ներգրավված միջոցներն ուղղորդվել են ջերմոցային տնտեսությունների զարգացմանը Հայաստանի մարզերում, որտեղ ֆերմերները ծաղիկներ, լոլիկ, ելակ են աճեցնում:
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին` նա ասել է, որ միջազգային կազմակերպություններից Ամերիաբանկի ներգրաված միջոցների ընդհանուր ծավալում ՎԶԵԲ բաժինը կազմում է 10-15%: «Եթե խոսենք Եվրաբանկի հետ նոր ծրագրերի մասին, ապա վերջերս մենք համաձայնագիր ենք ստորագրել 12.5 մլն դոլար ներգրավելու շուրջ, որոնք 2019 թվականին կուղղորդվեն էներգաարդյունավետության նախագծերին: Ավելի վաղ մենք ներգրավել էինք ևս 7.5 միլիոն դոլար, որը կուղղորդվի փոքր եւ միջին ձեռնարկատիրության ֆինանսավորմանը», - ասել է նա: Ի լրումն ասվածի` Վ. Քաջայանը նշել է, որ Ամերիաբանկը մտադիր է շարունակել համագործակցությունը ՎԶԵԲ-ի եւ այլ միջազգային կառույցների հետ` նորարարական բնույթի ծրագրեր իրագործելու նպատակով, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաեւ ՓՄՁ ոլորտներում:
Նա հայտարարել է, որ այսօր ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ աշխարհն անցում է կատարում կանաչ էներգետիկայի: «Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կանաչ էներգետիկայում ներդրումների ինքնարժեքը նվազում է, ինչն այն դարձնում է ավելի հետաքրքիր, հատկապես, այնպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է: Չէ որ, այստեղ խոսք է գնում ոչ միայն էներգապաշարների խնայողության, այլև շրջակա միջավայրի պահպանության խթանման մասին: Ունենալով փոքր տարածք` էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումը ցանկալի չէ՚, - ասել է Վ.Քաջայանը:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |