Արմինֆո. Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի պատվիրակությունը, ի դեմս գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանի, հանդիպում ունեցավ KfW գերմանական զարգացման բանկի հայաստանյան ծրագրերի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանի հետ։ Պատվիրակության կազմում էր նաև Ասոցիացիայի իրավաբան Էմիլ Միրզոյանը և Ասոցիացիայի անդամ «Գրին Էներջի Կոնցեռնե ՍՊ ընկերությունը («Գոռնարե ՓՀԷԿ), ի դեմս տնօրեն Տաթևիկ Ասատրյանի։
Ինչպես նշվում է ՎԷԱԱ-ի կողմից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության մեջ, ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը, մանրամասն ներկայացնելով ներկայումս փոքր հիդրոէներգետիկայի ոլորտում տիրող ճգնաժամային իրավիճակի մասին, հստակ արձանագրել է այն թիրախային և խնդրահարույց կողմերը, որոնց նկատմամբ շարունակաբար դրսևորվող աչքաթողության, հսկողության և օրինապահանջության բացակայության, անհետևողականության և այլ պատճառներով այսօր ցավալիորեն մեծապես վտանգված են KfW գերմանական զարգացման բանկի հայաստանյան ծրագրերի զարգացման հեռանկարները։ Խոսքը մեծապես գնում է ջրային ոլորտի որոշ պատկան մարմինների կողմից մշտապես իրականացվող չարաշահումների, օրինախախտումների, արատավոր այլ դրսևորումների մասին, որոնք միտված են մեծապես KfW գերմանական զարգացման բանկի ֆինանսավորման հիման վրա փոքր հիդրոկայանների սահմանադրական և օրենսդրական իրավունքների խախտումներին։
Ասոցիացիայի պատվիրակության կողմից տրվել է ահազանգ առ այն, որ ջրերի ոլորտում փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի տնտեսվարողներին շարունակաբար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսվող և պահանջվող ջուր չտրամադրելու, ջրից զրկելու, համապատասխան այլ հակաիրավական, հակասահմանադրական, հակաօրինաչափական և այլ արատավոր դրսևորումների հետևանքով սույն տնտեսվարողների կողմից համապատասխան արտադրանք չապահովելու դեպքում վերջիններս կարող են հայտնվել փակման եզրին, ինչի հետևանքով խիստ վտանգի տակ կարող են հայտնվել ոչ միայն KfW գերմանական զարգացման բանկի կողմից վերոնշյալ փոքր հիդրակայաններին տրամադրված վարկերը, այլ նաև լուրջ հարված կարող է հասցվել սույն Բանկի հայաստանյան ծրագրերի համակարգին և հեռանկարներին։
Հիշեցնենք, որ 2018 թ. նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում փոքր ՀԷԿ-երը դարձել են չարաշահման մի հսկա արեալ և տիրույթ: Նրա խոսքով, վերջին մի քանի ամսում ստուգումներ են իրականացվել Հայաստանում գործող 188 փոքր ՀԷԿ-երից 150-ում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ 95 տոկոսում, ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ:
Ավելի վաղ ջրային ռեսուրսների հայտնի մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ նոր փոքր ՀԷԿ-երի շահագործման հանձնումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի ջրային ռեսուրսների պաշարների վրա: Նա փաստել էր, որ իրականում ՀԷԿ-երն էներգիայի էկոլոգիապես ամենաանվտանգ աղբյուրներն են, քանի որ տեղի է ունենում միայն ջերմային աղտոտում: Սակայն, էկոլոգի ասելով, տեղադրման և շահագործման կանոնների խախտումը հանգեցնում է կործանարար հետևանքների` ընդհուպ ջրային ռեսուրսների սպառման:
Ներկայումս Հայաստանում գործում է 186 փոքր ՀԷԿ, որոնք արտադրում են երկրում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի 19-20%-ը: ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոքր հիդրոէներգետիկայի օբյեկտների զարգացմամբ, սակայն՝ ոչ ի վնաս էկոլոգիայի: Փոքր հիդրոէներգետիկան վերականգնվող էներգետիկայի մասն է կազմում, որի զարգացումը կառավարության առաջնահերթությունների թվում է: Մասնավորապես՝ առաջիկա 2 տարում նախատեսվում է կառուցել ևս 32 փոքր ՀԷԿ: