Արմինֆո.Մարտի 15-ին կառավարությունում Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Գործարարությունե զեկույցում ՀՀ դիրքի բարելավմանը նվիրված խորհրդակցություն:
Իր խոսքում Տիգրան Ավինյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավումը կառավարության համար առաջնահերթություն է և շարունակական քայլեր են իրականացվելու «Գործարարությունե (Doing Business) զեկույցում ՀՀ դիրքի առաջմղման համար: Ըստ այդմ, կառավարությունը խիստ հետևողական է լինելու անհրաժեշտ միջոցառումները կյանքի կոչելու համար:
Խորհրդակցության օրակարգում ներառված էին միջոցառումներ, որոնք նպատակ ունեն պարզեցնելու շինարարական թույլտվությունների տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, փոքր բաժնետերերի պաշտպանության, հարկերի վճարման, արտաքին առևտրի, պայմանագրերի կիրարկման և սնանկության ճանաչման, ինչպես նաև գործարարությանն առնչվող այլ ընթացակարգերը:
Այս միջոցառումների իրականացմամբ կառավարությունը նպատակ ունի՝
1.նվազեցնել վարչարարական բեռը, 2.վերացնել գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները, 3.պարզեցնել հարկային և մաքսային քաղաքականությունը, 4.սահմանել արտաքին առևտրի կանխատեսելի միջավայր:
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքը յուրաքանչյուր շահառուին հասցնելու նպատակով նախատեսվում է էլեկտրոնային կամ ազդարարման այլ հարթակների կիրառմամբ գործարար համայնքին մշտապես իրազեկել բարեփոխումների բովանդակության և Հայաստանի մրցակցային առավելությունների վերաբերյալ: Նա վստահություն է հայտնել, որ նոր հնարավորությունների վերաբերյալ կանոնակարգված ծանուցումը, պետական ծառայությունների որակի վերաբերյալ հետադարձ կապի ապահովումը կբերի որակական նոր փոփոխության:
Ավարտելով խոսքը, փոխվարչապետը նշել է, որ այսօր ազդարարում են առարկայական բարեփոխումների մեկնարկի նոր փուլ և այս գործում յուրաքանչյուր ներգրավված անձ պետք է գիտակցի պատասխանատվության իր բաժինը:
Հիշեցնենք, որ Հայաստանը վատթարացրել է դիրքերը Doing Business - 2018 վարկանիշում, որն արտացոլում է երկրներում բիզնես վարելու պարզությունը: Երկիրը նահանջել է 9 տեղով և ուսումնասիրության մեջ ընդգրկված 190 երկրների շարքում զբաղեցրել է 47-րդ տեղը: