Հինգշաբթի, 7 Հունիսի 2012 20:35
Ազգային հիփոթեքային ընկերությունը մեկ միլիարդ ՀՀ դրամ ծավալով անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր է տեղաբաշխել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տեղաբաշխման հարթակում
ԱրմԻնֆո. Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում տեղի է ունեցել ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխումª մեկ միլիարդ ՀՀ դրամ ծավալով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բորսայի մամուլի ծառայությունից, ՙԱզգային Հիփոթեկային Ընկերության՚ (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով և տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 956,991,953.53 ՀՀ դրամ, պահանաջարկը` 1,353,011,951.21 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.8408%, իսկ կտրման եկամտաբերությունըª 9.3%:
ԱՀԸ-ի պարտատոմսերի առաջին թողարկումը (NMCCB1) Բորսայում իրականացված առաջին տեղաբաշխումն էր: 02.12.2011թ. այն թույլատրվեց առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում, իսկ 24.05.2012թ. մարվեց և դուրս եկավ բորսայական շրջանառությունից:
ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:
Ավելի վաղ ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում ԱՀԸ գործադիր տնօրենը հաղորդել էր, որ պարտատոմսերի երկրորդ տրանշի ծավալը կարող է կազմել 2-3 մլրդ դրամ: Սակայն, ինչպես կարծում են ԱրմԻնֆոյի վերլուծաբանները, ներկա պահին իրավիճակը կապիտալի շուկայում բարենպաստ չէ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման համար, շուկայի վերականգնումն ընթանում է անհամեմատ ավելի դանդաղ, քան ակնկալվում էր:
Ներկա պահին բորսայում գնանշվում են միայն կորպորատիվ պարտատոմսերի երկու թողարկումներ` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսերի 4-րդ տրանշը (մարումը կկայա 2013 թվականի հուլիսի 7-ին) և ՙՇեն Կոնցեռն՚ ընկերության արժեթղթերի 5-րդ տրանշը (մարումը կկայանա 2012 թվականի հոկտեմբերին):