Երեքշաբթի, 17 Հունիսի 2014 15:09
Կոնվերս Բանկը ներկայացնում է էլեկտրոնային կոմերցիայի` Visa Virtual Account նոր պրոդուկտը
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկը հունիսի 20-21 Armenia Marriott հյուրանոցում կայանալիք Digitec Բիզնես Ֆորումին կներկայացնի էլեկտրոնային առևտրի համար նախատեսված նորագույն լուծումները: Դրանցից մեկն է՝ նոր Visa Virtual Account-ը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, կատարել ապահով առցանց գնումներ և վճարումներ խուսափելով պլաստիկ քարտերի հետ կապված ռիսկերից Visa Virtual Account-ի միջոցով առավել հեշտ է: Ֆիզիկական քարտի փոխարեն յուրաքանչյուր հաճախորդը ստանում է առցանց հաշիվ և քարտային տվյալներ, որոնք կարելի է ներմուծել ինտերնետ խանութներում:
Աղբյուրի համաձայն, Visa Virtual Account-ն առավել հարմար կլինի միջազգային և տեղի օնլայն խանութներում գնումներ կատարող երիտասարդների համար, քանի որ այն ապահով է, դեբետային, հեշտ կառավարվող և մատչելի՝ սպասարկման վճարը երեք տարվա համար կազմում է ընդամենը 1000 դրամ: Կառավարել վիրտուալ քարտը կարելի է ինտերնետ բանկինգի միջոցով` կատարելով փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Քարտային տվյալները կարելի է նաև գրանցել Arca.am համակարգում, կոմունալ և այլ վճարումներ առցանց կատարելու համար:
Կոնվերս Բանկի ներկայիս հաճախորդները վիրտուալ քարտ կարող են ձեռք բերել առանց բանկ այցելելու՝ հայտի ձևը առկա է Կոնվերս Բանկի կայքում և ֆեյսբուքյան էջում: Վիրտուալ քարտի համարը, հաճախորդի անունն ու ազգանունը, ինչպես նաև վավերականության ժամկետը պարունակող տվյալները հաճախորդին ուղարկվում են առցանց:
Նշենք, որ Digitec 2014 Բիզնես Ֆորումին Կոնվերս Բանկը կներկայացնի իր նոր՝ ՏՏ պրոդուկտների և ծառայությունների զարգացմանն ուղղված ռազմավարությունը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Կոնվերս Բանկն ունեցել է 84 բանկոմատ, որից 51-ը տեղակայված է Երևանում, ինչպես նաև 374 սեփական POS-թերմինալ: Բանկը թողարկում և սպասարկում է տեղական ArCa և միջազգային Visa և MasterCard տեսակի քարտեր: Բանկի ակտիվ քարտերի թիվը նույն օրվա դրությամբ կազմել է 128 հազար, տարեկան աճը`30%, ինչը հիմնականում ապահովվել է տեղական քարտերի զգալի աճի հաշվին: Նման դինամիկա է դիտվում նաև բանկի պլաստիկ տրանսակցիաների հատվածում:
Նշենք, որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հիմնվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` Advanced Global Investments ընկերությունը – 95% և Մյր Աթոռ Սուրբ Էջմիածինը - 5%: Բանկն ունի 35 մասնաճյուղ, որոնց մեծ մասը տեղակայված է մարզերում: