Հինգշաբթի, 19 Հունիսի 2014 14:05
Կոնվերս Բանկը ներդնում է էլեկտրոնային կոմերցիայի նորանոր պրոդուկտներ
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկը ներդնում է էլեկտրոնային առևտրի նոր eCommerce համակարգ՝ հատուկ հայաստանյան ընկերությունների համար: eCommerce համակարգի շնորհիվ Հայաստանում գրանցված ընկերությունները հնարավորություն կստանան ընդունելու միջազգային Visa և MasterCard քարտերով վճարումներ ամբողջ աշխարհից՝ առանց նախկինում առկա բարձր միջնորդավճարի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այս ծառայությունը հայաստանյան գործարարների համար նոր դռներ կբացի դեպի էլեկտրոնային առևտրի գլոբալ աշխարհ: Եվ գործարարների, և քարտապանների ապահովության համար Կոնվերս Բանկը ներդրել և կիրառում է անվտանգության ամենաժամանակակից գործիքները:
eCommerce համակարգը, ինչպես նաև Կոնվերս Բանկի ՏՏ ուղղվածություն ունեցող մի շարք նոր պրոդուկտներ կներկայացվեն հունիսի 20-21 կայանալիք Դիջիթեք Բիզնես Ֆորումին:
«Կոնվերս Բանկն ուրախ է մասնակցել այս տարվա Դիջիթեք Բիզնես Ֆորումին և այնտեղ ներկայացնել մեր նոր պրոդուկտները: Մենք համոզված ենք, որ էլեկտրոնային առևտրի զարգացումը կհանգեցնի Հայաստանի ողջ տնտեսության զարգացմանը, և դա է պատճառներից մեկը, որ վերջին շրջանում մենք բռնեցինք ֆինանսական շուկայում նորարար տեխնոլոգիական լուծումների ներդրման ուղին», - ասել է Կոնվերս բանկի Ռազմավարական զարգացման վարչության ղեկավար Րաֆֆի Քասարջյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, 2014 թվականի ապրիլի 1 – ի դրությամբ Կոնվերս Բանկն ունեցել է 84 բանկոմատ (51-ը`մայրաքաղաքում, իսկ 33 - ը`մարզերում), ինչպես սեփական 374 POS-տերմինալ: Բանկային թողարկում և սպասարկում է ինչպես տեղական ArCa, այնպես էլ միջազգային Visa և MasterCard քարտեր: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 128 հազար քարտ, տարեկան աճը`մոտ 30%, ինչը հիմնականում ապահովվել է տեղական քարտերի զգալի աճի հաշվին: Նման դինամիկա է դիտվում նաև բանկի պլաստիկ տրանսակցիաների գծով:
Նշենք, որ «Կոնվերս բանկ» ՓԲԸ - ն հիմնադրվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» ընկերությունը (95%) և Հայ Առաքելական Եկեղեցին (5%): Բանկն ունի 35 մասնաճյուղ, որոնց մեծ մասը գտնվում է շրջաններում: