Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2014 18:14
«Անկանխիկ ազատություն» քարտային արշավի մեկնարկով Ամերիաբանկը ջարդում է հաճախորդի վարկունակության գնահատման կարծրատիպերը, եկամուտների փոխարեն գնահատելով ծախսերը
ԱրմԻնֆո. Ամառային արձակուրդների մեկնարկով Ամերիաբանկը գործարկել է «Անկանխիկ ազատություն» արշավը, որի շրջանակներում հաճախորդներին առաջարկվում են վարկային գծեր, որոնք ուղղված են հանգստի, ինչպես նաև այլ շտապ ծախսերի վճարմանը: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության անդամ և զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, վարկային գծերը կտրամադրվեն վարկառուների անկանխիկ ծախսերի ու նրանց սպառողական վարքի գնահատման հիման վրա, առանց հաշվի առնելու նրանց եկամուտները և աշխատավարձի վերաբերյալ տեղեկանքները:
«Վարկը տրամադրելիս հաճախորդի անկանխիկ ծախսերի գնահատումը բանկին թույլ է տալիս նոր նիշա զբաղեցնել քարտային շուկայում, քանի որ վարկային նոր պրոդուկտը ջարդում է եկամուտների միջոցով վարկառուի վարկունակության գնահատման կարծրատիպերը»,-նշել է Տ.Ջրբաշյանը:
Նրա խոսքով, հիմնական պրոբլեմը, որին այսօր հաճախորդները բախվում են վարկային հայտը ներկայացնելիս, դա նրանց վարկունակության գնահատումն է`ըստ եկամուտների: «Մենք փոխում ենք այդ մոտեցումը և անցնում հաճախորդների ծախսերի ու սպառողական վարքի գնահատմանը, քանի որ գտնում ենք, որ ծախսերն ավելի ճիշտ են արտացոլում հաճախորդի վարկունակությունը: Դա հարմար է հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ ոչ բոլոր եկամուտներն են, և ոչ միշտ, ձևակերպվում, ինչպես նաև անհայտ են լինում դրանց առաջացման աղբյուրները»,-նշել է Տ.Ջրբաշյանը: Նա նաև հավելել է, որ ծառայությունը մատչելի է ինչպես Ամերիաբանկի, այնպես էլ հայկական մյուս բանկերի հաճախորդների համար: «Բանկը պատրաստ է վերլուծել պոտենցիալ վարկառուի անկանխիկ վճարումները, քանի որ տիրապետում է համապատասխան վերլուծական ապարատի»,-եզրափակել է Տ.Ջրբաշյանը:
Ամերիաբանկի Տնօրինության անդամ և մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանն էլ իր կողմից է նշել, որ վարկային գծի չափը տատանվում է 150 հազարից մինչև 1.5 մլն.դրամի սահմաններում, կախված վերջին 6 ամիսների ընթացքում քարտապանի անկանխիկ տրանսակցիաների ծավալներից: Վարկը տրամադրվում է իրականացված անկանխիկ գործարքների ծավալի վեցնապատիկի չափով, եթե հաճախորդը չունի վարկային պատմություն, ինչպես նաև դեպքում, եթե վերջին երկու տարիներին նրա կողմից վարկի մարման ժամկետանց ժամանակահատվածը չի գերազանցել 30 օրը: Իսկ ութնապատիկի չափով վարկը տրամադրվում է այն դեպքերում, եթե ժամկետանց ժամանակահատվածը չի գերազանցում 10 օրը: Իսկ եթե վարկառուն ունի վարկային պատմություն և նշված ժամանակահատվածում չունի ժամկետանց պարտքեր, ապա նրան վրակը տրամադրվում է անկանխիկ վճարների տասնապատիկի չափով:
Վարկային գիծը կարող են ստանալ այն քարտապանները, որոնց ամսական անկանխիկ միջին շրջանառությունը վերջին 6 ամիսներին կազմել է առնվազն 80 հազ.դրամ: Արշավը գործում է հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 30-ը: «Մինչև ընթացիկ տարվա ավարտը քարտի սպասարկման վճար նույնպես չի գանձվում: Ընդ որում, բանկը վարկային գիծը տրամադրում է մրցունակ տոկոսադրույքներով»,-եզրափակել է Ա.Բարսեղյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծության տեղեկագրի, Ամերիաբանկն ակտիվ քարտերի թվով, որոնք կազմում են 55 հազար, 2014-ի ապրիլի 1-ի դրությամբ գտնվում է Հայաստանի բանկերի լավագույն տասնյակում, տարեկան աճը`մոտ 40%: Պլաստիկ գործարքների ծավալով նույնպես բանկը գտնվում է լավագույն տասնյակում`78 մլրդ.դրամ (2013-ին): Սեփական POS-թերմինալների թվով Ամերիաբանկն զբաղեցնում է երրորդ տեղը`651 հատ, իսկ բանկոմատների թվով գտնվում է լավագույնների հնգյակում` 98 բանկոմատ: Բանկը տեղական ArCa քարտերից բացի թողարկում և սպասարկում է միջազգային VISA և MasterCard քարտեր:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ - ն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային լուծումների ամբողջական փաթեթի տեսքով: Բանկի բաժնետերն է Ameria Group CY ՍՊԸ, որը տիրապետում է բանկի կապիտալի 100%-ին: