«Անելիք Բանկն»իր հիմնադրման 25 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հաճախորդներին առաջարկում է միանգամայն նոր ավանդատեսակ՝ «Անելիք 25», որն ավանդատուներին հնարավորություն կտա խուսափել արժութային տատանումների բացասական հետևանքներից և միևնույն ժամանակ՝ բարձր տոկոսագումարներ ստանալ։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ավանդի ներդրման տարեկան պարզ տոկոսադրույքը կազմում է տարեկան մինչև 12%, իսկ ավանդի ներդրման նվազագույն գումարը կազմում է 500 հազար ՀՀ դրամ։
«Անելիք Բանկը մշտապես զարգացրել է իր կողմից առաջարկվող բանկային գործիքները, որոնց թվում իրենց ուրույն տեղն ունեն Բանկի կողմից առաջարկվող ավանդատեսակները։ Ինչպես գիտեք, 2015 թվականը հոբելյանական է Բանկի համար և այս տարի մենք նշում ենք Բանկի հիմնադրման 25 ամյակը և սրանով է պայմանավորված մեր նոր ավանդատեսակի անունը «Անելիք 25», որը հնարավորություն է տալիս ավանդատուներին ապահովագրվել արժութային տատանումներից մինչև 25 ՀՀ դրամի չափով և բարձր տոկոսադրույքով ավանդ ներդնել։ Սա շատ հարմար տարբերակ է այն հաճախորդների համար, ովքեր ունեն ԱՄՆ դոլարով խնայողություն և ցանկանում են ավանդ ներդնել։ «Անելիք 25» ավանդատեսակը տվյալ հաճախորդներին հնարավորություն է տալիս փոխարկել իրենց գումարը դրամի և ներդնել մինչև 12% տարեկան տոկոսադրույքով ավանդ և չանհանգստանալ դրամ-դոլար արժութային տատանումներից, քանի որ փոխարժեքի բարձրացման դեպքում առկա է փոխհատուցում մինչև 25 ՀՀ դրամի չափով»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ Հայկ Մկրտչյանը։
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, «Անելի Բանկի» ընդհանուր պարտավորությունները տարեկան կտրվածքով ավելացել են 30,1%-ով, 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 74.1 մլրդ դրամ: Դրանց կառուցվածքում շուրջ 66% բաժին է ընկնում հաճախորդների հանդեպ պարտավորություններին, (ց պահանջ և ժամկետային), բացարձակ մեծության տարեկան 29% աճով, հիմնականում, ժամկետային ավանդների և առավելապես ֆիզիկական անձանց աճի շնորհիվ: Մասնավորապես, ժամկետային ավանդները տարեկան կտրվածքով ավելացել են 31,2%-ով, կազմելով 42.5 մլրդ դրամ, որոնց կառուցվածքում շարունակում են գերակշռել ֆիզիկական անձանց միջոցները, որոնք դրսևորել են տարեկան 35,5% աճ:
Նշենք, որ 2009 թվականի փետրվարից «Անելիք Բանկի» բաժնետեր է դարձել լիբանանյան CreditBank S.A.L.` կապիտալում 51% բաժնեմասով: 2013 թվականի 4-րդ եռամսյակում CreditBank S.A.L. դարձել է «Անելիք Բանկի» միանձնյա սեփականատեր` իր բաժնեմասն ավելացնելով 89,95%-ից մինչև 100%: Մոսկովյան «ԱնելիքՌու» ԴԲ-ը 2012 թվականի դեկտեմբերին օտարվել էր «Անելիք Բանկից»` հետագայում սեփականության իրավունքը փոխանցելով լիբանանյան Credit Bank S.A.L.-ին: