Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան բանկում մեկնարկել է նոր ծառայություն Anelik-Visa Direct, որի շրջանակում դրամական փոխանցման ծառայությունից օգտվող ֆիզիկական անձինք կարող են Անելիք համակարգով ստանալ կամ ուղարկել դրամական փոխանցումներ անմիջապես Visa վճարային քարտերին առանց Բանկ հաճախելու կամ Call Center զանգելու: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Anelik-Visa Direct ծառայության միջոցով ֆիզիկական անձինք անկախ գտնվելու վայրից կարող են ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ աշխարհի ավելի քան 200 երկրներ/ից Visa քարտերին, բացառությամբ Արգենտինա, Վենեսուելա, Կոլումբիա, Կուբա, Իրան, Հյուսիսային Սուդան, ԱՄՆ, Հնդկաստանի և ՌԴ (սա ժամանակավոր սահմանափակում է, որը մշակման փուլում է) բանկերի կողմից թողարկված քարտերի:
Աղբյուրի համաձայն, դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել ՌԴ ռուբլի, ԱՄՆ դոլլար և Եվրո արժույթներով: Դրամական փոխանցում կատարելու համար ուղարկողը Բանկում պետք է`ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, տեղեկացնի իր հասցեն և արդյոք նա հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ, հայտնի փոխանցումը ստացողի ԱԱՀ և Visa քարտի համարը: Տվյալ ծառայության դեպքում դրամական փոխանցման ուղարկման երկիր կամ քաղաք նշելու անհրաժեշտություն չկա, պետք է ընդամենը ճշտել չկա այն արդյոք բացառություն կազմող երկրների ցանկում: Ծառայության մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքի «Դրամական փոխանցումներ» բաժնում:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են դրամական փոխանցումների` MoneyGram, «Avers», «Յունիստրիմ», «Fast Emai», «InterExpress», «IntelExpress», «Անելիք», «Ria Money Transfer», «Sigue Money Transfer» համակարգերը, ինչն էլ իր հերթին ապահովում է բանկի մրցունակությունը բանկային ծառայությունների շուկայում:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: