Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան բանկն այս տարի ևս շարունակում է աջակցել արդեն ավանդույթ դարձած №21 Դաշնային պետական կրթական հաստատությանը` ՌԴ պաշտպանության նախարարության հանրակրթական միջնակարգ դպրոցին, որը գտնվում է Երևան քաղաքում, Քանաքեռ վարչական շրջանում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ամառվա ընթացքում Բանկը փոխարինել է հիմնական շենքի բոլոր հին փայտե պատուհանները ջերմամեկուսիչ մետաղապլաստե պատուհաններով (ընդհանուր քանակությամբ 42 պատուհան): Ավելի վաղ ՎՏԲ-Հայաստան բանկի ջանքերով վերանորոգվել և վարազինվել են ռուսաց լեզվի, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի լսարանները: Բանկը դպրոցը վերազինել է նաև համակարգչային տեխնիկայով և ինտերակտիվ գրատախտակով:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ դպրոցի սաներին շնորհավորեցին ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
«Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ նոր ուսումնական տարվա առթիվ: Ամառային արձակուրդներն արդեն անցյալում են, և եկել է ժամանակը ամենակարևորի համար` ուսման: Հավատացեք, որ գիտելիքը լավագույն ներդրումն է Ձեր ապագայի մեջ: Իսկապես կրթված մարդու համար բաց են բոլոր ճանապարհները և հաղթահարելի են ցանկացած խոչընդոտներ: Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի շնորհիվ այս տարի դուք կսովորեք ավելի հարմարավետ պայմաններում»,- ասել է ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, դիմելով №21 դպրոցի սաներին:
Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշեց, որ Բանկը պարբերաբար ցուցաբերում է ֆինանսական աջակցություն ՌԴ պաշտպանության նախարարության №21 դպրոցին: «Մեզ համար շատ կարևոր և հաճելի է ցուցաբերել աջակցություն ուսման ոլորտում: Ուսման վրա է կառուցվում ապագան, և որքան ավելի հարմար և ժամանակակից լինեն ուսման պայմանները, այդքան ավելի հեշտ և հասանելի կդառնա ճանապարհը դեպի գիտելիքների աշխարհ: Շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա կապացությամբ և մաղթում հաջողություն», - ասաց իր ելույթում պարոն Գուսևը:
Նշենք, որ ՌԴ ՊՆ թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցը բացվել է Երևանում 1994թ. սեպտեմբերի 1-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից, Հայաստանի տարածքում ՌԴ ԶՈՒ մարտական վարչությանը կից ՌԴ ԶՈՒ զինծառայողների երեխաների կրթության համար: Դպրոցն ունի բարեկարգ դասարաններ, մարմնամարզության ու միջոցառումների դահլիճ, ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներ, արվեստանոցներ, համակարգչային դասարաններ, ինտերակտիվ ուսուցման դասասենյակ: Դպրոցում ուսանում է 500 աշակերտ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: