Արմինֆո. Հասկանալով ագրոհատվածի ապահովագրման ողջ կարևորությունը՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսությունում ռիսկերի ապահովագրման հայեցակարգ է մշակել և մոտ ժամանակներս կներկայացնի կառավարության քննարկմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ նշելով, որ գյուղատնտեսական ապահովագրման համակարգի ներդրումը, այնուամենայնիվ, կարող է ձգձգվել անորոշ ժամկետով:
Նախարարի խոսքով, ագրարային ապահովագրությունը ռազմավարական նշանակություն ունի գյուղատնտեսական ոլորտի համար և ագրոհատվածում ռիսկերը նվազագույնի հասցնելու գործուն միջոց է հանդիսանում: Կլիմայական փոփոխությունները, եղանակային պայմանների անկանխատեսելիությունը, համաճարակների կամ վնասատուների բազմացման ռիսկերը գործոններ են, որոնք զգալիորեն նվազեցնում են պատշաճ բերք ստանալու և այն ընդունելի գնով վաճառելու ագրարագյուղացիական տնտեսությունների շանսերը: Մեր գյուղատնտեսությունը տարեկան արձանագրում է մինջինը շուրջ 30 մլրդ կորուստ. ընթացիկ տարում միայն կարկուտից վնասը կազմել է շուրջ 7 մլրդ դրամ: Այս համատեքստում ագրարային բիզնեսին ուղեկցող շատ ռիսկերից զերծ մնալու ամենագործուն և ոչ թանկ միջոցը գյուղատնտեսական ապահովագրումն է: Բայց, ինչպես նշել է Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրում իրականացնել ցանկացող ընկերություններ Հայաստանում առայժմ չկան:
Մինչդեռ Գյուղատնտեսության նախարարությունը, գերմանական KfW բանկի հետ համատեղ, ագրոապահովագրման հայեցակարգ է մշակում՝ ակնկալելով մոտ ժամանակներս ստանալ կառավարության դրական գնահատականը, ինչից հետո արդեն կաշխատեն ագրոապահովագրման համակարգի ներդրման անհրաժեշտ մեխանիզմների մանրամասն մշակման շուրջ:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական համակարգի գործող օրենսդրությունը թույլ է տալիս ներդնել գյուղատնտեսական ապահովագրույան հետևյալ տեսակները՝ բերքի ապահովագրություն, կենդանիների ապահովագրություն, ինչպես նաև արտադրական նշանակության շենքերի և շինությունների ապահովագրություն, որոնք մտնում են գույքի ապահովագրման դասի մեջ /ՙԱպահովագրության և ապահովագրական գործունեության մասին՚ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերի համաձայն/: Ներկայումս հայկական գործող ապահովագրական ընկերություններն ունեն գույքի ապահովագրման լիցենզիա, սակայն ոչ մի ընկերություն գյուղատնտեսական ապահովագրում չի իրականացնում:
Հիշեցնենք, որ դեռ 2011 թ. մարտին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրումն աննպատակահարմար է, քանի որ երկրի ագրոարդյունաբերական հատվածը հիմնականում բաղկացած է ոչ մեծ գյուղացիական ֆերմաներից, իսկ ֆերմերներն ապահովագրական պրեմիաներ չեն վճարի: Այնուամենայնիվ, KfW-ն ընթացիկ տարվա սկզբին 400 հազար եվրո է հատկացրել՝ Հայաստանի և Վրաստանի համար ագրոապահովագրման հայեցակարգի մշակման նպատակով: