Արմինֆո. Ռուսաստանյան շուկայում տիրող անկայունությունը նպաստում է Հայաստանի սպառողական պահանջարկի նվազմանը: Արմենիա հեռուստաալիքի հետ հարցազրույցում նման կարծիք է արտահայտեկ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նա նշել է, որ բնակչության սպառումը նվազել է 1.2%, բայց դա տեղի է ունեցել տնտեսության աճի հետ միասին:
Գաբրիելյանը պարզաբանել է, որ սպառման մակարդակը Հայաստանում երբեք կախված չի եղել արտադրության և արտահանման ծավալներից: «Դեպի Հայաստան տրանսֆերտները հոսում էին զգալի չափերով, իսկ սպառման մակարդակը միշտ գերազանցում էր արտադրության ծավալներին: Իսկ տրանսֆերտային միջոցներն առևտրի ոլորտում բաշխվում էին հավասարաչափ, արտաքին առևտրի ցուցանիշների աճը կենտրոնանում էր տնտեսության առաձին հատվածներում»,-նշել է նա: Հետևաբար, արտահանման և ներմուծման ծավալների միջև այսօր ունենալով 1-ը` 2.2-ին հարաբերակցություն, նախորդ տարվա 1-ը` 3-ին հարաբերակցության փոխարեն, երկրում արձանագրվում է տնտեսական ցուցանիշների աճ, իսկ դրա հետ մեկտեղ` սպառման մակարդակի աննշան անկում, որպես ներքին շրջանառության ծավալների նվազման հետևանք:
Գաբրիելյանն արտահայտել է իր սեփական կարծիքը, որ տարեվերջին տնտեսական աճը երկրում կլինի 3%, հնարավոր է, որ մի փոքր պակաս: Այնուամենայնիվ, տնտեսական աճը 7 ամիսներին, վիճակագրական նախնական տվյալներով, կազմել է 4.2%:
Նշենք, որ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 2015 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է մոտ 399.4 մլն.դոլար, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 36.3%: