Արմինֆո. Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի իրականացման հիմնական խոչընդոտն անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների բացակայությունն է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նրա խոսքով, ծրագիրը շատ ծավալուն է և պահանջում է հսկայական ֆինանսական ռեսուրսների ներգրավում: ՙՓնտրվում են գործընկերներ, ովքեր կաջակցեն երկաթուղու կառուցմանը և շահագործմանը: Մնացած բոլոր հարցերը լուծվում են քաղաքական պայմանավորվածություններով՚,- ասել է նախարարը:
Ըստ որում, նա նշել է, որ կան դրական տեղաշարժեր: Մասնավորապես, Իրանից բարձրաստիճան պատվիրակության վերջերս Հայաստան այցի ընթացքում ընդգծվել է նախագծի իրականացման հարցում Թեհրանի շահագրգռվածությունը: Նախարարը նշել է, որ դեկտեմբերին մտադիր է այցելել Իրան և Բուլղարիա՝ այդ նախագծի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով: Միաժամանակ նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից երկաթուղու կառուցման հետ կապված որևէ խոչընդոտ չկա:
Նրա խոսքով, ընթացիկ տարվա սեպտեմբերին կառավարական պատվիրակության Չինաստան այցի արդյունքում, որտեղ նա բանակցություններ է վարել հնարավոր ներդրողների հետ, շահագրգիռ ընկերությունների թիվը երկուսից երեքի է հասել: ՙՍպասում ենք, որ մինչև տարեվերջ ընկերություններից մեկի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան՝ ավելի առարկայական բանակցություններ անցկացնելու նպատակով, մյուս երկուսի ներկայացուցիչները կայցելեն 2016 թ. գարնանը՚,- ասել է նա:
2012 թ. մայիսին հայկական և իրանական կողմը կոնցեսիոն համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` քննարկվել են տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու նախագծման, շինարարության և նախագծի ֆինանսավորման հիմնական խնդիրները։ Հայաստանի և ՙՌասիա ՖԶԷ՚ ներդրումային ընկերության միջև իրականացված համագործակցության շնորհիվ մշակվել է ՙՀարավային երկաթուղի՚ նախագծի իրականացման տեխնիկական հիմնավորումը։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ։ Այն կունենա 19.6 կմ ընդհանուր երկարության 86 կամուրջ և 102 կմ ընդհանուր երկարության 60 թունել։ Շինարարությունը, ծրագրի համաձայն, կավարտվի 2022 թվականին։