Արմինֆո. ՀՀ կառավարության աշխատակազմին կից կստեղծվի արտաբյուջետային ֆոնդ, որը կապահովի թափանցիկությունը հանքարդյունաբերության ոլորտում: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 20-ի նիստում:
Ներկայացնելով որոշման նախագիծը, կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ ֆոնդը կհամալրվի Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության միջոցներով և նախատեսված է առաջիկա 2 տարիների համար: Մասնավորապես, 2015 թվականի նոյեմբերի 12-ից մինչև 2017 թվականի հուլիսի 11-ը ֆոնդին կտրամադրվի 256 205 դոլար, որից 254 650 դոլարը կլծախսվի 2016 թվականին, իսկ 101 505 դոլարը` 2017 թվականին: Ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ կառավարությանը` հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության խթանման գործում: Բացի այդ, ծրագրով նախատեսվում է թվայնացնել «Հանրապետական երկրաբանական ֆոնդե ՊՈԱԿ-ում առկա ֆոնդային նյութերը, ինչպես նաև իրականացնել Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI/ԱՃԹՆ) միանալուն ուղղված նախապատրաստական քայլերը:
Ավելի վաղ բնապահպանները, քաղաքական գործիչները, տնտեսագետները բազմաթիվ անգամ իրենց մտահոգությունն էին արտահայտել հեռնահումքային ոլորտի արտադրության և շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության առնչությամբ: Կոմերցիոն տեղեկատվության նկատմամբ մատչելիության պակասը հաճախ էր ծնում բազմաթիվ լուրեր և ասեկոսեներ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի կեսերին ՀՀ կառավարությունը հայտարարել էր Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI/ԱՃԹՆ) Հայաստանի միանալու նպատակահարմարության մասին: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնի տնտեսագետ, Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրել է, որ կառավարության կողմից այդ նախաձեռնությանն օժանդակելը կարող է նպաստել հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետությանը և պետական քաղաքականության մշակման գործընթացում պետություն-հանրություն համագործակցության խորացմանը:
EITI –ի նպատակն արդյունահանող ճյուղերի թափանցիկության ապահովումն է, ինչպես նաև կառավարման որակի բարձրացումը` հաշվետվությունների պարբերական հրապարակումների, ստանդարտների պահպանման և ինստիտուցիոնալ ներուժի ամրապնդման միջոցով: Նախաձեռնության շրջանակներում հանքարդյունահանող ընկերությունները պետք է հրապարակեն տեղեկություններն իրենց հարկային և ոչ հարկային վճարների մասին, իսկ կառավարությունները պետք է հրապարակեն իրենց կողմից ստացված եկամուտների մասին հաշվետվությունները, ինչը երկրների խորհրդարաններին թույլ կտա վերահսկել ընկերությունների, ինչպես նաև կառավարությունների գործունեությունը: Նման քաղաքացիական վերահսկողությունը ոչ միայն կդժվարացնի չարաշահումները տվյալ ոլորտում, այլ նաև կնպաստի երկրների ավելի արդյունավետ զարգացմանը, տնտեսական պայմանների բարելավմանը և օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելի ակտիվ ներգրավմանը: