Արմինֆո. Հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից 2015թ.-ին քննության ընդունված 1,448 գործից՝ թվով 1,230 գործի շրջանակներում (21.01.2016թ.-ի դրությամբ փակված գործերի թվաքանակն է) հատուցվել է 176,708,260 ՀՀ դրամ գումար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մամուլի ծառայությունից, 2015 թվականին գրասենյակ է ներկայացվել, ընդհանուր առմամբ, 3,829 բողոք, որոնցից 3,263-ն էին վերաբերում ֆինանսական համակարգին: Ընդ որում, հաճախորդներից յուրաքանչյուրին գրասենյակի աշխատակիցները տրամադրել են խորհրդատվություն, բացատրել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգնել են լրացնել բողոք-պահանջ ֆինանսական կազմակերպության դեմ:
Գրասենյակի կողմից 2015թ.-ի ընթացքում քննության են ընդունվել թվով 1,448 պահանջ, ինչը 13.5%-ով գերազանցում է նախորդ տարվա՝ 2014թ.-ի, համապատասխան ցուցանիշը: Պահանջների քննության արդյունքում գործերի 78.64%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի (քննության ընդունված թվով 1,448 գործից թվով 218-ը 21.01.2016թ.-ի դրությամբ դեռևս գտնվում են քննության փուլում): Ընդ որում, դրական ելքով գործերի 59.50%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով:
Ընդ որում, ստացված 3,263 բողոքներից քննության է ընդունվել 1,448-ը, որոնցից 327-ն ուղղված է եղել բանկերի դեմ, 1,091-ը` ապահովագրական ընկերությունների դեմ, 15-ը` ավտոապահովագրողների բյուրոյի դեմ, 14-ը` վարկային կազմակերպությունների դեմ և 1-ը` դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների դեմ:
2016 թվականի հունվարի 21-ի դրությամբ ֆինանսական ակզմակերպության դեմ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ներկայացված 11,757 բողոքներից քննության է ընդունվել 4,293 պահանջ, որոնց քննության ընթացքում հատուցված գումարը կազմել է 827,986,528 ՀՀ դրամ: Հօգուտ հաճախորդների գործերի ելքը եղել է 71.51%:
Ավելացնենք, որ 2009 թվականից Հայաստանում գործղո Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայությունները տրամադրվում են անվճար, իսկ հաշտարարի աշխատանքի դիմաց վճարում են իրենք` ֆինանսական կազմակերպությունները: