Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդման համաձայն, հանրապետության նախագահը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, անցած տարվա արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող աշխատանքների առաջին փուլի ընթացքին։ Ատոմակայանի ղեկավարությունը նախագահին ներկայացրել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունից ներգրավված վարկային և դրամաշնորհային միջոցների շրջանակներում մեկնարկած՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլի աշխատանքները։ Զեկուցվել է, որ արդեն սկսվել են համակարգերի, սարքավորումների և շինությունների համալիր զննման աշխատանքները, որոնք կավարտվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին: Դրանից հետո որոշում կկայացվի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ։ Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի և սարքավորումների փոխարինման աշխատանքներ։ Այդ ընթացքում կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի առավել բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ:
2015 թվականի հոկտեմբերի 27-ին Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդ նիստի բացման խոսքում ՀՀ նախագահը հայտարարել էր, որ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագիրը կիրականացվի երկու փուլով. առաջին փուլում կիրագրոծվի ԱԷԿ համակարգերի, սարքավորումների, բաղադրիչների և կառույցների հետազոտման համապարփակ ծրագիրը, երկրորդ փուլում՝ լրացուցիչ ժամանակահատվածում շահագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փոփոխությունների իրականացում և արդիականացում, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում` հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացված սթրես-թեսթի արդյունքների վերաբերյալ ներկայացված զեկույցը: Առաջին փուլի մասով արդեն ավարտվել են 4500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների հետազոտությունները: Առաջին փուլի զեկույցը կավարտվի 2016 թ. մարտին: Զուգահեռաբար սկսվել է երկրորդ փուլի աշխատանքը: «Հուսով ենք, որ չնայած սեղմ ժամկետներին, ռուս փորձագետները, ավելի ակտիվորեն ներգրավելով հայ փորձագետների, պահանջվող ժամկետներում որակով կիրականացնեն աշխատանքի ամբողջ ծավալըե, ժ նշել էր նախագահը, հիշեցնելով, որ 2015 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի էր ունեցել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցով Համատեղ համակարգող կոմիտեի առաջին նիստը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է «Միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման, միջուկային և ռադիացիոն անվտանգության ասպարեզում տեղեկատվության փոխանակմանե համաձայնագիր: Նախագահը նշել էր, որ նոր ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետը, համաձայն ՀՀ կառավարության 2014 թ. հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացմանն ուղղված 2014-2020թթ. միջոցառումների ծրագրի հաստատմանե վերաբերյալ որոշման, համաչափվում է գործող էներգաբլոկի շահագործումից հանման ժամկետի հետ: «Այսպիսով, Հայաստանը հաստատում է իր մտադրությունը ատոմային էներգետիկայի զարգացման գործում, և այդ ուղղվածությունը զբաղեցնում է առանցքային տեղ էներգետիկայի զարգացման ծրագրումե, - փաստել էր նախագահը:
Հիշեցնենք, որ Մեծամորի մոտ գտնվող ՀԱԷԿ-ը, որը միակն է տարածաշրջանում, շահագործման էր հանձնվել 1980 թվականին և կանգնեցվել էր 1989 թվականի մարտին` Սպիտակի երկրաշարժից հետո: ՀԱԷԿ-ը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին` հանրապետությունում սուր էներգետիկ ճգնաժամի առնչությամբ: Կայանի երկու էներգաբլոկները զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորներով: Առաջին բլոկն այժմ կանգնեցված է: Կայանին բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրության մինչև 40%-ը: Փորձագետների գնահատականների համաձայն, կայանի շահագործման ռեսուրսն ասպառվում է 2016 թվականին: Այժմ աշխատանքներ են իրականացվում կայանի շահագործման ժամկետը մինչև 2027 թիվը երկարաձգելու համար: Նախագծի իրագործման համար նախորդ տարվա վերջին Մոսկվայում ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն, ռուսական կողմը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար Հայաստանին 270 մլն դոլարի վարկ կտրամադրի` 15 տարվա ընացքում մարման պայմանով` 3% տարեկան տոկոսադրույքով: Բացի այդ, նույն նպատակների համար Ռուսաստանի Դաշնությունը 30 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին: