Արմինֆո. Մետաղների համաշխարհային շուկայում տեղի ունեցող գների, մասնավորապես, պղնձի և մոլիբդենի գների անկումը չի կարող չանհանգստացնել: Այս մասնին հոկտեմբերի 26-ին լեռնահումքային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ում խոսքերն է մեջբերում գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ըստ մախարարի, անհրաժեշտ է համախմբել ջանքերը՝ իրավիճակից ելքեր գտնելու և ոլորտի ընկերությունների մոտ առաջացած դժվարությունները համատեղ ուժերով հաղթահարելու համար։ Առավել ևս, որ տնտեսության այս ճյուղն ունի նաև կարևոր սոցիալական նշանակություն։ Այն ապահովում է մի քանի հազար աշխատատեղ, որոնց կրճատումն, առկա սոցիալական պայմաններում, անթույլատրելի է, ընդգծել է նախարարը։
Փաստելով արտաքին շուկաներում ձևավորված գների պայմաններում առաջացած դժվարությունները՝ խորհրդակցության մասնակցող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները, ինչպես նաև այն առաջարկությունները, որոնք կարող են մեղմել գների անկման ազդեցությունը։ Դրանք վերաբերում էին ինչպես օրենսդրական փոփոխություններին, այնպես էլ ֆինանսական հնարավոր աջակցության տրամադրմանը։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ե. Զախարյանը տեղեկացրեց, որ բարձրացված հարցերը կարճ ժամանակահատվածում կքննարկվեն շահագրգիռ նախարարությունների հետ և դրանց հիման վրա առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը՝ խնդիրներին լուծումներ տալու նպատակով։ Ստեղծված իրավիճակում նախարարը միաժամանակ կարևորեց ընկերություններում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը։
Նշենք, որ հունվարի 26-ին Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի գները տատանվել են 5135,5 - 4486,5 դոլարի սահմաններում: Պղնձի պահուստները LME բորսայի պահեստներում վերջին շաբաթում նվազել են` 287,7-ից մինչև236,6 տոննա:
Ընդհանուր առմամբ, պղնձի գներն ընթացիկ շաբաթ իջել են մոտ մեկ քառորդով, այդ մետաղի առաջարկի մեծացման պատճառով համաշխարհային շուկայում, ինչպես նաև չինական տնտեսության հետ կապված: Չինաստանը հանդիսանում է մետաղ օգտագործող խոշորագույն երկիրը, ընդգրկելով ցինկի պահանջարկի մոտ կեսը, պղնձի սպառման համաշխարհային պահանջարկի 45%-ը և կապարի համաշխարհային արտադրության 40%-ը: Բայց Չինաստանի վերջին տվյալները որոշակիորեն հուսադրող են պղնձի համար, քանի որ ցույց են տալիս, որ նոյեմբերին պղնձի ներմուծումը ռեկորդային էր, աճելով 15%: Այնուամենայնիվ, Barclays բանկը զգուշացնում է, որ պետք չէ մեծ նշանակություն տալ մեկ ամսվա տվյալներին: