Արմինֆո. ԵԱՏՄ-ին ոչ ճիշտ ուղղություն էր Հայաստանի տնտեսական զարգացման առումով: Փետրվարի 9-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, հավելելով, որ ԵԱՏՄ շրջանակներում երկրի տնտեսության համար որևէ հեռանկար չի տեսնում:
Հղում կատարելով պաշտոնական տվյալներին, փորձագետը նշել է. «Դառնալով Մաքսային միության անդամ, Հայաստանի առևտուրը Ռուսաստանի հետ կրճատվեց 9%, Բելառուսի հետ` 10%, Ղազախստանի հետ` 15%, մի փոքր ավելացավ Ղրղզստանի հետ առևտուրը, բայց այստեղ խոսքը գնում է ընդամենը մի քանի միլիոն դոլարի մասին»:
Ըստ Հ.Բագրատյանի, Հայաստանը պետք է իր ուղղությունը վերցներ դեպի միջազգային շուկայում գոյություն ունեցող Միությունները, բայց դրանցից ոչ մեկին չինտեգրվեց: «Բոլոր նրանք, ովքեր ասում էին, որ մեր առջև կբացվի 170-միլիոնանոց շուկա, չէն գիտակցում, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերոթյուններում, մեծ հաշվով, ոչինչ էլ չի կարող փոխվել: Մեզ մոտ միշտ էլ եղել է ազատ շուկա: Ապրանքները հարկվում էին ինչպես ԵԱՏՄ-ին միանալուց առաջ, այնպես էլ դրա շրջանակներում»,-հայտարարել է Հ.Բագրատյանը, միաժամանակ իր բացասական կարծիքը հայտնելով Տիգրան Սարգսյաին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար նշանակելու առնչությամբ: