Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փետրվարի 12-ին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգին:
Ներկայացնելով հայեցակարգի նախագիծը` ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի կոլեգիայի անդամ (նախարար) Դանիլ Իբրաևը նշել է, որ փաստաթուղթը մշակվել է ԵԱՏՄ պայմանագրին համապատասխան: «Ըստ էության, այս հայեցակարգը կարևոր որոշում էր, քանի որ առաջին անգամ մենք կիրականացնենք ելք մրցակցային շուկա և այնպիսի յուրահատուկ ապրանքի առևտրի շուկայական սկզբունքները, ինչպիսին գազն է: Դա հատկապես կարևոր է, հաշվի առնելով, որ Հայեցակարգի դրույթներին համաձայն են գազի շուկայի հիմնական խաղացողներն ու կարգավորողները, ինչը հաստատում է վերազգային մակարդակի գործողությունների ճիշտ ուղղությունը», - նշել է Դանիլ Իբրաևը:
Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի կողմից փաստաթղթի հաստատումից հետո դրա հիման վրա կմշակվի գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիր, որը նախատեսում է զգալի թվով միջոցառումների անցկացում մինչև 2024 թվականի հունվարի 1-ը: Այդ միջոցառումների թվում են լիարժեք բորսայական շուկաների ձևավորումը ԵԱՏՄ երկրներում, ընդհանուր շուկայում բորսայական առևտրի կազմակերպման փորձնական նախագծերի իրագործում, փոխադարձ առևտրի կանոնների մշակում, այդ թվում` գազափոխադրման համակարգեր մուտքի միասնական կանոնների մշակում, շուկայի մասնակիցների միջև տեղեկատվական փոխանակման համակարգի ստեղծում:
Դանիլ Իբրաևի ասելով, լիարժեք ընդհանուր շուկայի գործարկումը պայմանագրով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ: «Գազի ընդհանուր շուկան կոչված է ապահովելու գազի ազատ փոխադրումը Միության տարածքում, գազափոխադրման ենթակառուցվածքի մատչելիություն, գազի գների կայունացում, տնտեսությունների և բնակչության անխափան գազամատակարարում, մեր երկրների բնակչության գազամատակարարման մակարդակի բարձրացում: Դա անմիջականորեն պետք է նպաստի ինդուստրիալիզացման գործընթացներին և գազի արդյունաբերական սպառողների դիրքերի բարելավմանը, ինչը չափազանց կարևոր է իրական հատվածի աճի համար», - ասել է ԵՏՀ նախարարը:
Ըստ նախնական կանխատեսումների, Միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման արդյունավետությունը գնահատվում է 5 մլրդ ԱՄՆ դոլար` հինգ տարվա ընթացքում: Եվրասիական տարածքում Հայեցակարգը առաջին փաստաթուղթն է, որը իրավական հիմք է դնում գազի ընդհանուր շուկայի ձևավորման համար:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մշտապես գործող վերազգային, կարգավորող մարմին է, որն սկսել է գործել 2012 թվականի փետրվարի 2-ին: Ներկայում ԵՏՀ կազմում ընդգրկված են հինգ երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ԵԱՏՄ մասնակից պետությունների տարածքներում կատարման համար: