Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող շաբաթական միջամտությունները դանդաղեցրին ՀՀ դրամի արժեզրկումը:
Ընթացիկ շաբաթ, ինչպես և նախորդ շաբաթ, Կենտրոնական բանկի միջամտությունը տեղի ունեցավ ուրբաթ օրը, 16.2 մլն.դոլար ծավալով` արտարժույթի միջբանկային շուկայում: Արդյունքում, դրամը, հունվարին դոլարի նկատմամբ արժեզրկվելով` 482 դրամից մինչև 486 դրամ/դոլար, շարունակեց թուլանալ նաև հաջորդ ամիս, փետրվարի 12-ին, ԿԲ միջամտության պահին, հասնելով 496 դրամ/դոլար մակարդակ: Շուկայի անկախ վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական ճգնաժամի խորացման, նավթի գների, հատկապես Հայաստանի արտահանումային հոդված հանդիսացող մետաղական հումքի գների անկման պայմաններում, դրամը 2016 թվականի վերջին կարող է դոլարի նկատմամբ թուլանալ մինչև 540-550 դրամ/դոլար մակարդակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, NASDAQ OMX Armenia բորսան այս ամիս դեռ չի գործել: Իսկ արտարժույթի միջբանկային շուկան աշխատել է ողջ շաբաթվա ընթացքում (բացառությամբ`երեքշաբթի օրվան), փետրվարի 12-ին արձանագրելով առավելագույն ծավալ (ԿԲ միջամտությամբ` 16.2 մլն.դոլար), ապահովելով շաբաթական 18.850 մլն.դոլարի ծավալ, իսկ փոխարժեքը ֆիքսելով 494.10 դրամ/դոլար մակարդակում: Այս շաբաթ, մասնավորապես, երկուշաբթի օրը, արտարժույթի միջբանկային շուկայում տեղի են ունեցել նաև եվրոյով գործարքներ` 30 հազար եվրո ծավալով և 554 դրամ/եվրո փոխարժեքով: Նշենք, որ 2016 թվականին ԿԲ առաջին խոշոր միջամտությունները տեղի է ունեցան հունվարի 15-ին – 32.4 մլն.դոլար և հունվարի 29-ին – 23.8 մն.դոլար, իսկ նախկին խոշոր միջամտություների տեղի էին ունեցել 2015 թվականի օգոստոսի 28-ին`95 մլն դոլար, սեպտեմբերի 19-ին`22.2 մլն դոլար և հոկտեմբերի 2-ին` մոտ 6 մլն դոլար:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) փետրվարի 8-12-ը բանկերը գնել են 44.2 մլն դոլար (շաբաթվա անկումը`24%), 493.80 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել է 65.03 մլն դոլար (շաբաթվա անկումը` 14.5%), 496.25 դրամ/ դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 5.05 մլն եվրո (շաբաթվա անկումը` 40.5%), 551.81 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, և վաճառվել է 7.9 մլն եվրո (շաբաթվա անկումը`29%), 558.49 դրամ/ եվրո միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում բանկերը գնել են նաև 803.7 մլն ռուբլի (շաբաթվա անկումը` 19.6%), 6.30 դրամ/ ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 566.7 մլն ռուբլի (շաբաթվա անկումը` 14.6%), 6.41 դրամ/1 ռուբլի միջին փոխարժեքով:
Նախորդ շաբաթ (փետրվարի 1-7-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 32 մլրդ դրամի և 77.6 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդ շաբաթվա համեմատ (հունվարի 25-29-ը) դրամով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել`5.9%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է 2 անգամ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի 12 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկման տրամադրությունները դիտվում են երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, իսկ այդ ամենն բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից, չնայած ԿԲ շաբաթական միջամտություններին, Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 12-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 496 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ մինչև 561 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվելով մինչև 6.4 դրամ/ռուբլի մակարդակ: