Արմինֆո. Հայաստանն առաջին հերթին պետք է աշխատի իր իմիջի վրաԱյս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրոպական ՓՄՁ կազմակերպության (UEAPME)փորձագետ Քրիստիան Գեսլը, նշելով, որ իմիջի վրա աշխատելը կնպաստի ներդրումային մթնոլորտի բարելավմանը հանրապետությունում, ինչն էլ իր հերթին բարենպաստ կերպով կանդրադառնա ՓՄՁ ոլորտի զարգացման վրա:
«Հայաստանն ունի տուրիզմի, գյուղատնտեսության և ՏՏ-ոլորտի մեծ պոտենցիալ, հետևաբար, անհրաժեշտ է այդ ոլորտներին հատկացնել հատուկ ուշադրություն, քանի որ դրանք առանցքային դեր կարող են խաղալ երկրի իմիջի ձևավորման և եվրոպական տարածաշրջանում ճանաչելիության բարձրացման հարցում»,-նշել է փորձագետը:
Նրա կարծիքով, երկրի անբարենպաստ տնտեսական իրավիճակը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի առևտրի հարաբերություններում առյուծի բաժինը կազմում Ռուսաստանը: Այդ պատճառով էլ Ք.Գեսլը նշել է, որ Հայկական ՓՄՁ ասոցիացան պետք դառնա UEAPME մասնակից: «Հայաստանն արդեն հայտ է ներկայացրել Եվրոպական ՓՄՁ կազմակերպությանը, և կարծում եմ, որ 2 ամսում կստանա եվրոպական կողմի դրական պատասխանը, որից հետո կհետևի Հայաստանի ներկայացուցչության բացումը Եվրոպայում: Դա կնպաստի հայկական և եվրոպական գործարարների համագործակցության, ինչպես նաև հանրապետության տնտեսական գործընթացների զարգացմանը»,-եզրափակել է նա:
Նշենք, որ UEAPME-ն մի կազմակերպություն է, որը հանդիսանում է Եվրոպական Միության ՓՄՁ գործարարների ֆեդերացիայի վերադաս կառույցը, որի առաքելությունն է վերահսկել և ազդել Եվրոպայի օրենսդրության վրա, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական հանձնաժողովի վրա: UEAPME ներառում է մոտ 65 անդամ կազմակերպություններ, ըստ ազգային միջճյուղային ՓՄՁ ֆեդերացիաների: Ամբողջ Եվրոպայում UEAPME ներկայացնում է ավելի քան 12 մլն. ձեռնարկություն և մոտ 55 մլն մարդ:
Հիշեցնենք, որ Հայաստանում գործում են մոտ 70 հազար ՓՄՁ սուբյեկտներ, որից 58 հազարը միկրո և փոքր, իսկ 10 հազարը միջին ձեռնարկություններ են: ՓՄՁ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ի մեջ կազմում է 43%, ընդ որում, հատվածն ապահովում է հարկային մուտքերի ընդամենը 6%-ը: