Արմինֆո. 2016 թվականի մարտի 4-ից մեկնարկել է վարորդների կողմից 50 հազար դրամը չգերազանցող վնասով պատահարների ինքնուրույն գրանցման համակարգը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյից, նոր գործընթացը ենթադրում է ապահովագրական ընկերությունից ապահովագրական հատուցումն ստանալու պարզեցված և արագացված մեխանիզմ: Բացի այդ, 50 հազար դրամը չգերազանցող վնասով պատահարների համար Բյուրոն նորացրել է պայմանագրային հարաբերությունների կարգը փորձագիտական կազմակերպությունների հետ: Մասնավորապես, կրկնակի փորձագիտությնա ժամկետը կրճատել է մինչև 3 աշխատանքային օր, իսկ դրա դիմաց վճարն իջեցրել է մինչև 5000 դրամ: Կրկնակի փորձագիտությունն ուղղված է ԱՊՊԱ համակարգով տեղի ունեցած ապահովագրական պատահարների արդյունքում վնաս պատճառված անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև նախատեսված է այն պատահարների համար, երբ տուժողը համաձայն չէ ապահովագրական ընկերությունից ստացված փորձագիտական եզրակացությանը`կապված մեղավորության աստիճանի և ՃՏՊ հետևանքով պատճառված վնասի չափի հետ:
Մարտի 4-ից ՃՏՊ մասնակից-վարորդները մինչև 50 հազար դրամ պատճառված վնասի դեպքում արդեն կարող են առանց ապահովագրողի և ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների ներկայության ինքնուրույն լրացնել փոխադարձ համաձայնեցված հայտարարագիրը, կցել պատահարի վերաբերյալ լուսանկարները և այդ փաթեթն ուղարկել համապատասխան ապահովագրական ընկերությանը: Հայտարարագրի ձևը և լրացման կարգը, ինչպես նաև դրան հաջորդող գործողությունների մասին տեղեկոթյունները տեղադրված են Ավտոապահովագրողների բյուրոյի պաշտոնական կայքում - http://paap.am/index.php?al=agreed_declaration:
Ավտոապահովագրողների բյուրոն բոլոր վարորդներին և ավտոսեփականատերերին կոչ է անում մեքենայի մեջ պահել հայտարարագրի մի քանի օրինակ: Փաստաթուղթը կարելի է ստանալ ապահովագրական ընկերությունից կամ գործակալից, ինչպես նաև ներբեռնել Բյուրոյի պաշտոնական կայքից:
Ավելի վաղ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունելով ԿԲ այս նախաձեռնությունը, նշել էր, որ այն ոչ միայն պարզեցնում է ու արագացնում ապահովագրական պատահարի գրանցման ընթացակարգը, այլ նաև նվազեցնում պատահարների արդյունքում առաջացող խցանումները ճանապարհներին, որոնք առաջանում են ապահովագրողներին երկար սպասելու արդյունքում: Նա տեղին է համարել նշել նաև, որ 2015 թվականին ավտոմեքենաներով արձանագրվել է մինչև 50 հազար դրամ գումարի 6000 ապահովագրական պատահար, 2014 թվականի 9500 պատահարի փոխարեն: Կարևորելով ընդունված որոշումը Հովիկ Աբրահամյանն, այնուհանդերձ, ԿԲ նախագահին առաջարկել է աշխատանքներ տանել ապահովագրական ընկերությունների հետ և բարձրացնել սահմանված գումարի շեմը՝ գոնե մինչև 100 հազար դրամ, քանի որ նման պատահարները կազմում են ընդհանուր պատահարների 32%-ը: Բայց ինչպես նշել է ԿԲ նախագահը, ապահովագրական ընկերությունները դեռ պատրաստ չեն դրան, և որոշվել է այդ հարցին անդրադառնալ 2-3 ամսից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2015 թվականին ԱՊՊԱ գծով արձանագրվել է 41920 պատահար, 2014 թվականի 50601 պատահարի համեմատ: 2015 թվականին ԱՊՊԱ գծով ապահովագրական ընկերւթյունները հատուցել են 8,5 մլրդ դրամ, 2014 թվականի 9.8 մլրդ.դրամի փոխարեն: Ապահովագրության այս դասում առաջատարն է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը, որն ապահովել է հատուցումների շուկայի ընդհանուր ծավալի ավելի քան 35% -ը: Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն` «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ», «ԻՆԳՈ Արմենիա», ՌԵՍՈ, «Նաիրի Ինշուրանս», «ՍԻԼ Ինշուրանս» և «Արմենիա Ինշուրանս: Հայաստանի ապահովագրական ընկերություններն աշխատում են ապահովագրական 19 դասերից 17-ով, բացառությամբ երկաթուղային տրանսպորտի ապահովագրությունից և դատական և արտադատական ծախսերի ապահովագրություննից: