Արմինֆո. Մարտի 15-ին ՀՀ կենտրոնական բանկը, ՀՀ ֆինանսների նախարարությունը և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (այսուհետ՝ ՎԶԵԲ) ստորագրել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացման համատեղ հուշագիր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հուշագիրը նախատեսում է մի շարք համատեղ աշխատանքներ կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝
§ § ՀՀ դրամով կապիտալի շուկայի գործիքների զարգացման աշխատանքներ,
§ § ածանցյալների շուկայի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրների առնչությամբ միջոցառումներ,
§ § ռեպո և դրամական շուկայի գործիքների զարգացման գծով աշխատանքներ,
§ § առևտրային բանկերի կողմից թողարկումների խթանման համակարգի ներդրման հետ կապված միջոցառումներ,
§ § բանկերի, վարկային կազմակերպությունների ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման ուղղությամբ աշխատանքներ,
§ § արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում արժեթղթերից բխող իրավունքների հաշվառման և հաշվարկային ենթակառուցվածքի լավագույն ստանդարտների և պրակտիկայի ներդրման աշխատանքներ,
§ § կապիտալի շուկայի գործիքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումներ ինչպես թողարկողների, այնպես էլ ներդրողների շրջանակում:
Այս աշխատանքներն իրենց կարևոր դերակատարումը կունենան նոր որակյալ ներդրումային և ռիսկերից հեջավորման գործիքների զարգացման, ինչպես նաև այդ գործիքների արդյունավետ առուվաճառքն ապահովող հաշվարկային և հաշվառման ենթակառուցվածքների ներդրման տեսանկյունից: Վերջինս, իր հերթին, առանցքային նշանակություն ունի ոչ միայն ՀՀ նոր կենսաթոշակային համակարգում կուտակված միջոցների դիվերսիֆիկացված ներդրումներ իրականացնելու, այլև անհատ ներդրողների՝ արժեթղթերի շուկայում մասնակցության ընդլայնման համատեքստում:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ողջունելով հուշագրի ստորագրման փաստը, բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության արդյունքները՝ նշելով, որ բանկն իր տարբեր նախագծերով մեծապես նպաստել է Հայաստանի ֆինանսական համակարգի սահուն զարգացմանը, միջազգային փորձի ու նոր գործիքների ներդրմանը:
Նշենք, որ այս տարվա հունվար ամսին ՎԶԵԲ-ը հաստատել է նոր ծրագիր` փոքր և միջին տնտեսությունների համար տեղական արժութային և կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ: Նոր ծրագիրն առավել ընդլայնված տարբերակով փոխարինում է արդեն իսկ կնքված տեղական արժույթով վարկավորման ծրագրին, որի հիման վրա նախկինում կնքվել էին փոխըմբռնման հուշագրեր 6 երկրների հետ (ՀՀ, Մոլդովա, Վրաստան, Մոնղոլիա, Ղրղզստան, Տաջիկստան): Ընդ որում՝ ընդլայնելով կատարվելիք միջոցառումների կազմը և շեշտադրելով կապիտալի շուկայի զարգացումը՝ ներկա փուլում ՎԶԵԲ-ը վերակնքում է նախկինում կնքված հուշագերը վերոնշյալ 6 երկրների, որոնցից առաջինը Հայաստանն է:
Ինչպես հուշագրի ստորագրման ընթացքում նշել է Անդրե Կուսվեկը (ՎԶԵԲ-ի տեղական արժութային և կապիտալի շուկայի զարգացման վարչության ղեկավար), հաշվի առնելով նախկինում կատարված զարգացման ծրագրերի արդյունավետությունը՝ ՎԶԵԲ-ը ընդլայնում է իր աշխատանքների իրականացման աշխարհագրական տարածքը՝ կապիտալի շուկայի զարգացման իր ծրագրերում ընդգրկելով ևս 15 երկիր:
Անդրե Կուսվեկը հավելել է, որ ի լրումն վերոնշյալ տեղական արժութային և կապիտալի շուկայի զարգացման ծրագրի, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման շարունակական աշխատանքները համարվում են ստրատեգիական առաջնահերթություն ՎԶԵԲ-ի համար: Հետևաբար, արժութային և կապիտալի շուկայի զարգացման վերոնշյալ նույն ծրագրով առանձնացվել են 7 երկիր, այդ թվում` Հայաստանը և մեծ տնտեսություն ունեցող 6 երկրներ (Լեհաստան, Ռումինիա, Եգիպտոս, Մարոկո, Թուրքիա և Ուկրաինա), որոնց համար իրականացվելու են կապիտալի շուկայի զարգացման խթանման առավել խորը և ընդլայնված միջոցառումներ: Նա շեշտել է, որ կարևոր է ցույց տալ, որ կապիտալի շուկան կարող է առանցքային դեր ունենալ տնտեսական աճի համար նույնիսկ փոքր տնտեսությունների դեպքում: Իսկ Հայաստանի ներգավումը ՎԶԵԲ-ի այս նոր նախաձեռնությունում պայմանավորված է նաև առկա շուկայի պոտենցիալով, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի և Կառավարության` կապիտալի շուկայի զարգացման մեծ պատրաստակամությամբ: