Արմինֆո. Կոլայի և Հայկական ԱԷԿ-երի մասնագետները փոխանակվել են վերանորոգման աշխատանքների անվտանգության նորմերի պահպանման ոլորտում կուտակված փորձով:
Քննարկումը կայացել էր Ատոմային էլեկտրակայանների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի կողմից մարտի 13-19-ին կազմակերպված այցի շրջանակներում: Հայաստանի միակ ատոմակայանում շահագործվում են նույն ռեակտորները, ինչ Կոլայի ԱԷԿ-ում՝ ՋՋԷՌ-440, տեղեկացնում է Կոլայի ԱԷԿ-ի տեղեկատվության և հասարակական կապերի վարչությունը:
Հայկական ԱԷԿ-ի կենտրոնացված վերանորոգման արտադրամասի պետի տեղակալ Արմեն Արշակյանի խոսքերով, այցի առաջին օրվանից բացահայտվեցին բազմաթիվ դրական գործառույթներ: ՙԻնձ՝ որպես վերանորոգման մասնագետի, հետաքրքեց, ինչպես են արդիականացվում սարքավորումները: Մենք արդեն նախանշել ենք, թե ինչ կարող ենք կիրառել մեր ձեռնարկությունում: Առաջին հերթին դա սարքավորումների մակնշման փորձն է: Դրական գնահատեցինք նաև աշխատանքների կազմակերպման գործընթացը: Մենք նախատեսում ենք որոշակի գործառույթներ կիրառել նաև մեր ատոմակայանում՚, - նշել է Արմեն Արշակյանը:
Այցի շրջանակներում Հայկական ԱԷԿ-ի մասնագետներն այցելել են վերջերս
կառուցված Ուսումնամարզական կենտրոնը, որը նախատեսված է վերանորոգման աշխատանքներ կատարող անձնակազմի պատրաստման համար:
Հայկական ԱԷԿ-ը կառուցվել էր Հայկական ՍԽՀ-ում՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում, և շահագործման էր հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին: Ատոմակայանի կազմում են ՋՋԷՌ-440 տիպի ռեակտորներով երկու էներգաբլոկներ: Առաջին էներգաբլոկը կանգնեցվեց 1989 թվականին: Մեկ էներգաբլոկի ջերմային հզորությունը կազմում է 1375 ՄՎտ, էլեկտրական հզորությունը՝ 440 ՄՎտ:
Կոլայի ԱԷԿ-ը հանդիսանում է «Ռոսէներգոատոմ կոնցեռն՚ ԲԲԸ-ի մասնաճյուղ: Ատոմակայանը տեղակայված է Մուրմանսկ քաղաքից 220 կմ հեռավարության վրա՝ Իմանդրա լճի ափին: Այն արտադրում է Մուրմանսկի շրջանի էլեկտրաէներգիայի 60%-ը: Շահագործվում է 4 էներգաբլոկ՝ ՋՋԷՌ տիպի ռեակտորներով, որոնց հզորությունը կազմում է 440-ական ՄՎտ: Կոլայի ԱԷԿ-ը էլեկտրաէներգիա մատակարարում է Մուրմանսկի շրջանի և Կարելիայի համար: