Արմինֆո. Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել Բնական գազի, նավթամթերքի և անմշակ բնական ալմաստների մատկարարումների ոլորտում համագործակցության շուրջ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրում փոփոխությունների վերաբերյալ արձանագրությունը, հաղորդում է ՌԴ կառավարության կայքը:
Արձանագրությունը նախատեսում Է համաձայնագրի կարգավորման ոլորտից բացառել անմշակ բնական ալմաստները՝ 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու առնչությամբ: ՌԴ կառավարությունն սահմանել է նաև այն նավթամթերքների ցանկը, որոնք Ռուսաստանից Հայաստան մատակարարվում են առանց արտահանման մաքստուրքերի գանձման: Օրինագիծը հավանության է արժանացել ՌԴ կառավարության մարտի 24-ի նիստում:
Նշենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` ապրիլի 7-8-ը Երևան այցի ընթացքում նախատեսվում է հաստատել Հայաստան մատակարարվող ռուսական գազի նոր գինն ընթացիկ տարվա համար: Սպասվում է, որ այն 12%-ով կնվազեցվի` 1000 խմ դիմաց ներկայիս 165 դոլարից մինչև 145 դոլար: Գազի, նավթամթերքի և անմշակ բնական ալմաստների մատակարարումները Հայաստան իրականացվում են ինդիկատիվ հաշվեկշռի շրջանակում, որը կողմերը հաստատում են ամեն տարի: 2015 թվականին ՌԴ առանց մաքսատուրքերի ձևակերպման Հայաստան է առաքել 136,2 հազար տոննա ավտոմեքենայի բենզին, որից 120 հազար տոննան` ռուսական արտադրության: Հանրապետությունն ստացել է նաև 150 հազար տոննա դիզելային վառելիք (ողջ ծավալը ռուսական արտադրության), 47 հազար տոննա ռեակտիվ շարժիչների վառելիք (8 հազար տոննան` ռուսական արտադրության), 29,2 հազար տոննա նավթի գուդրոն` բիտումի արտադրւոթյան համար (ամբողջը` ռուսական արտադրության), ինչպես նաև 2,5 մլրդ խմ գազ: Մատակարարումներն իրականացվել են մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստան բնական գազի, նավթամթերքի և անմշակ բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության շուրջ միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Համաձայնագրով ռուսական կողմը նավթամթերքից և բնական գազից արտահանման մաքսատուրք չի գանձում ներքին սպառման ծավալով: Ընդ որում արգելվում է այն ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ, որոնք առանց մաքսատուրքի մատակարարվում են Հայաստան: Ըստ համաձայնագրի, կողմերի իրավասու մարմինները համաձայնեցնում են հաջորդ տարի Հաայստանում նավթամթերքի և բնական գազի ներքին սպառման ծավալներն ու անվանացանկը: