Արմինֆո. Ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագները վերանայելու իրավական հիմքեր չունի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀԾԿՀ-ից:
ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանի խոսքով, ներկա պահին Հանձնաժողովը Հայաստանի տարածքում գազ մատակարարող ընկերությունից սակագները վերանայելու վերաբերյալ հայտ չի ստացել: Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը կարող է նաև սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցել, մասնավորապես, եթե սահմանի գազի գները իջնեն, դոլարի փոխարժեքի մեծ տատանումների, ինչպես նաև մյուս կարևորագույն գործոնների էական փոփոխության դեպքերում: «Բայց ներկա պահի դրությամբ ՀԾԿՀ-ն չի ստացել վավերացված փաստաթուղթն այն մասին, որ գազի գինը սահմանի վրա փոխվել է, ինչի հիման վրա ռեգուլյատորը կարող է սկսել սակագնի վերանայման իրավական գործընթացը»,-հաղորդել է Մարիամ Ստեփանյանը:
Նշենք, որ, ըստ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում:
Հանձնաժողովը կարող է իր կողմից հաստատված ընթացակարգի համաձայն սեփական նախաձեռնությամբ վերանայել գործող սակագինը և սահմանել նոր սակագին, ելնելով լիցնզավորված անձի տնտեսական գործունեությունից, մասնավորապես, ելնելով նրա կողմից ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայության որակի նկատմամբ պահանջների կատարումից:
Հիշեցնենք, որ Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվել են հանրապետություն մատակարարվող 100 խոր.մետր գազի գինը իջեցնել մինչև 150 դոլար: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարված այցի ընթացքում: Ինչպես լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երկու երկրների կառավարություններն արդեն ստորագրել են համապատասխան փաստաթուղթը: Բայց նա դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյոք գազի գինը կիջնի հայկական սպառողի համար: «Այդ հարցը ենթական է լրացուցիչ քննարկման»,-հայտարարել է վարչապետը: Նշենք, որ ներկայումս 1000 խոր.մետր ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմում էր 165 դոլար: Ներկայումս սպառողը օգտագործած 1000 խմ գազի դիմաց վճարում է 318 դոլար, իսկ ամսական 10 հազար խմ սպառողները` 277 դոլար: