Արմինֆո. Մեծամորի ԱԷԿ-ի գլխավոր յուրահատկությունն այն է, որ այն տեղակայված է բարձր սեյսմիկ ակտիվության գոտում: Այս մասին ապրիլի 20-ին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել է «Ռոսատոմ» ՊԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը:
Նրա խոսքով, յուրաքանչյուր ատոմակայան, այդ թվում նաև Մեծամորի ԱԷԿ-ը, յուրահատուկ օբյեկտ է, և այդ փաստը պետք է հաշվի առնել շահագործման ժամկետների երկարաձգման նախագծերի իրականացման ժամանակ: Մեծամորի ԱԷԿ-ի բարձր սեյսմիկան հաշվի է առնվել կայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի իրականացման սկզբից: Ծրագիրն իրականացվում է ՌԴ 270 մլն. դոլարի արտոնյալ վարկի և 30 մլն.դոլարի դրամաշնորհի միջոցներով: Կ.Կոմարովը հիշեցրել է, որ ինդուստրիալ հակասեյսմիկ պաշտպանության համակարգի մատակարարման մրցույթը շահել է հայկական «Արմատոմ» ընկերությունը: Եվ դա պատահական չէ, քանի որ այդ ընկերությունը բոլորից լավ գիտե, թե ինչպես կազմակերպել կայանի աշխատանքներն անվտանգ ռեժիմով: Կ.Կոմարովը հիշեցրել է, որ ВВЭР-440 բլոկները տիպային են, որոնք շահագործվում են բազմաթիվ երկրներում, որտեղ տեղի են ունեցել արդիականացման փուլեր, հզորության բարձրացումներ և շահագործման ժամկետների երկարաձգումներ: «Այդ առումով յուրահատուկ ոչինչ չկա: Յուրահատկոթյունը կայանում է նրանում, որ նախագիծն իրականացվում է շատ սեղմ ժամկետներում, իսկ դա լրացուցիչ պարտավորություններ է առաջացնում մասնակիցների վրա` ջանքերի հստակ համակարգման առումով: Առայժմ ամեն ինչր ստացվում է»,-ընդգծել է Կ.Կոմարովը:
Իր հերթին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հիշեցրել է, որ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կրկնակի շահագործման հանձնումից հետո կատարվել է անվտանգության բարձրացման լայնամասշտաբ աշխատանք: Այդ աշխատանքներին ներգրավված էին աշխարհի առաջատար ընկերությունների մասնագետները: Երկու անգամ մանրազնին հետազոտություն է կատարվել բլոկի սեյսմիկ կայունության առումով: Բացի այդ, Ճապոնիայում «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարից հետո մանրազնին հետազոտություններ կատարվեցին Հայկական ատոմակայանում, որն իրականացրեց բելգիական «Տրաքթեբել» ընկերությունը: Հետազտոթյունների արդյունքում ներկայացվեց միջոցառումների պլանը, որոնք անհրաժեշտ են լրացուցիչ իրականացնել նոր և ավելի կոշտ պահանջների բավարարման առումով: Այդ աշխատանքներն արդեն իրականացվում են և ընդգրկված են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծում:
Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվեց Հայկական ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ համագործակցության պայմանագիր: 2015 թվականի փետրվարին ստորագրվեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով արտահանումային վարկ տրամադրելու մասին Համաձայնագիրը: Իսկ 2015 թվականի հունիսին «Ռոսատոմ Սերվիս» ԲԲԸ և «ՀԱԷԿ» ՓԲԸ միջև ստորագրվեց աշխատանքների կատարման, մատակարարման և ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, Հայկական ԱԷԿ-ի երկրերդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու նպատակով: