Արմինֆո.Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության վրա Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման ազդեցության հետ կապված գնահատականների չի տիրապետում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:
Նրա խոսքով, նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում խոսքը վերաբերում է ընդհանուր վստահությանը, ինչն իր ազդեցությունն է ունենում օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա: Եվ մոտ ժամանակներս ՀԲ-ն այդ ուղղությամբ մոնիտորինգ կանցկացնի: Սակայն, Հայաստանի տնտեսության վրա Ղարաբաղի իրավիճակն անմիջական ազդեցություն չի ունենում: ՙՄենք խորապես ցավում ենք կատարվածի համար, մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին՚,- նշել է Լորա Բեյլին՝ ավելացնելով, որ Համաշխարհային բանկը մտադիր չէ դադարեցնել իր գործունեությունը Հայաստանում: ՙՂարաբաղում բանկը որևէ ծրագիր չի իրականացնում: Բայց ծրագրեր են իրականացվում սահմանամերձ Տավուշի մարզում՝ ջրամատակարարման, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում: Եվ այդ ծրագրերից ոչ մեկը չի դադարեցվել՚,- ընդգծել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը: