Արմինֆո. Այս տարվա առաջին եռամսայակում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործող «Վալլեքս» ընկերությունն արձանագրել է արտադրության 57 տոկոսի աճ:Այդ մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նախօրեին հանքավայր այցի ընթացքումլրագրողների հետ զրույցում: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ աճը կարտացոլվի ողջ տարվա ընթացքում: «Այս տարի արդեն իսկ ընկերությունը տվել է 16 մլրդ դրամի արտադրություն: Ընկերությունը պղնձի խտանյութի միջազգային գների անկման պատճառով ունի ֆինանսական խնդիրներ. կառավարությունը պատրաստակամ է, կա նաև հանրապետության Նախագահի հանձնարարականը՝ քննարկել և աջակցել այս հզոր ընկերությանը, որն ունի մեծ հեռանկար: Կարևորելով հանքարդյունաբերության զարգացումը՝ մենք մեր աջակցությունն ենք հայտնել նաև մյուս ընկերություններին, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր այցելության շրջանակում վարչապետը եղել է արտադրամասերում, ծանոթացել այն շահագործող «Վալլեքս» խմբի կողմից իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքներին: Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ հանքավայրի շահագործման առաջին փուլի մեկնարկն ապահովելու համար իրականացվել է ավելի քան 350 մլն դոլարի ներդրում: 2014 թ. դեկտեմբերից 2016-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում ընկերությունն արդյունահանել և վերամշակել է շուրջ 8,8 մլն տոննա հանքաքար, արտադրել է 141 հազար տոննա պղնձի խտանյութ՝ պղնձի 27,89 տոկոս պարունակությամբ: Ներկայում ընկերությունն ունի շուրջ 1200 աշխատող՝ հիմնականում հարակից Թեղուտ, Շնող և Լոռու մարզի այլ համայնքներից: 2016-ի մարտ ամսվա դրությամբ ընկերության աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 352 հազար դրամ: 2015-ի ընթացքում ընկերության վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 2,5 մլրդ դրամ, իսկ 2016-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում այն արդեն իսկ հասել է 4,55 մլրդ դրամի:
«Թեղուտե ՓԲԸ հիմնադրվել է 2006 թվականի մայիսի 22-ին` «Վալլեքսե խմբի կողմից: ՓԲԸ բաժնետոմսերի լրիվ փաթեթը պատկանում է կիպրոսյան «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթիդե ՓԲԸ-ին, որի քվեարկող բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Արմենիան քոփր Փրոգրամե ՓԲԸ-ին, որի սեփականատերը Վալերի Մեջլումյանն է: 1991 թվականին Թեղուտում հաստատված պաշարները կազմել են 450 մլն տոննա հանքաքար, այդ թվում 1,6 մլն տոննա պղինձ` 0,355% պարունակությամբ, և 99 հազար տոննա մոլիբդեն` 0,022% պարունակությամբ: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը կառավարության հավանությանն է արժանավել է 2007 թվականի նոյեմբերին: