Արմինֆո.Արտարժույթի միջբանկային շուկայի ամենօրյա բարձր ակտիվությունը ՀՀ դրամն ամրապնդեց 478 դրամ/դոլար մակարդակում: Այսպես, ընթացիկ շաբաթ արտարժույթի միջբանկային շուկայում գործարքների ծավալը նախորդ շաբաթվա համեմատ աճեց 2 անգամ` 3.8 մլն.դոլարից մինչև 7.4 մլն.դոլար: Հատկանշական է, որ երեքշաբթի օրն աշխատեց նաև բորսայական հարթակը, արձանագրելով 100 հազար դոլարի նվազագույն ծավալ, միջբանկային շուկայի ծավալների հետ միասին արժևորելով դրամը: Կենտրոնական բանկը շարունակում է ձեռնպահ մնալ միջամտոթյուններից և ինտերվենցիաներից:
Արդյունքում, դրամը 2016 թվականի առաջին եռամսյակում դոլարի նկատմամբ հասցրեց արժեզրկվել մինչև 496 դրամ/դոլար մակարդակ (փետրվարի 12-ին) իսկ մարտի 25-ին կրկին վերադարձավ իր սկզբնական` 482 դրամ/դոլար մակարդակ, որից հետո, ապրիլի 2-ին, ամրապնդվեց 480.5 դրամ/դոլար մակարդակում, իսկ դրանից հետո, ապրիլի 8-ին, կրկին սկսվեց արժեզրկումը, հասնելով մինչև 484.5 դրամ/դոլար մակարդակ, բայց ապրիլի 11-ից 15-ը կրկին սկսեց արժևորվել` մինչև 481 դրամ/դոլար մակարդակ, հետագայում ամրապնդվելով 479 դրամ/դոլար մակարդակում և ապրիլի 29-ից մայիսի 6-ը մնալով այդ մակարդակում: Այնուամենայնիվ, շուկայի անկախ վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական ճգնաժամի խորացման, նավթի գների, հատկապես Հայաստանի արտահանումային հոդված հանդիսացող մետաղական հումքի գների անկման պայմաններում, դրամը 2016 թվականի վերջին կարող է դոլարի նկատմամբ թուլանալ մինչև 540-550 դրամ/դոլար մակարդակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, NASDAQ OMX Armenia բորսան գործել է միայն երեքշաբթի օրը – 100 հազար դոլար, 477.75 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Իսկ արտարժույթի միջբանկային շուկայում տիրող ամենօրյա ակտիվությունը պահպանվում էր, ծավալներն ավելի մեծ էին, մայիսի 16-20-ը` 7.4 մլն.դոլար (շաբաթական աճը` 2 անգամ), միջին կշռված փոխարժեքն ձևավորելով 479.50 դրամ/դոլար մակարդակում: Ընդ որում, առավելագույն ծավալներն արձանագրվեցին երկուշաբթի օրը`2.9 մլն.դոլար, 478.90 դրամ/դոլար փոխարժեքով, իսկ երեքշաբթի և հինգշաբթի օրերին` 2.3-2.7 մլն.դոլար:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) մայիսի 16.20-ը բանկերը գնել են 64 մլն դոլար (շաբաթվա աճը`8.6%), 477.36 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել է 60.7 մլն դոլար (շաբաթվա աճը`0.2%), 479.27 դրամ/ դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 6.5 մլն եվրո (շաբաթվա աճը`41.3%), 536.85 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, և վաճառվել է 13.6 մլն եվրո (շաբաթվա աճը`81%), 551.13 դրամ/ եվրո միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է նաև 833.4 մլն ռուբլի (շաբաթվա անկումը`0.2%), 7.27 դրամ/ ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 399.4 մլն ռուբլի (շաբաթվա աճը`18.4%), 7.37 դրամ/1 ռուբլի միջին փոխարժեքով:
Նախորդ շաբաթ (մայիսի 9-14-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 32.6 մլրդ դրամի և 37.4 մլն դոլարի վարկեր: Նախորդող շաբաթվա համեմատ (մայիսի 2-7-ը) դրամով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 27%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է 23%:
Հիշեցնենք, որ 2015 թվականի 12 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկման տրամադրությունները դիտվում են երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20.6%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, և այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 12-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 496 դրամ/դոլար մակարդակ, բայց մարտին սկսեց ամրապնդվել և մարտի 25-ին հասավ 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ մինչև 538 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվելով մինչև 7.1 դրամ/ռուբլի մակարդակ: Հետագայում, ապրիլի կեսերից դրամը դոլարի նկատմամբ սկսեց ամրապնդվել, ապրիլի 29-ին`479 դրամ/դոլար մակարդակում, շարոնակելով այդ միտումները նաև մայիսին: Մայիսի 20-ին դրամն ամրապնդվեց 478 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ` 536 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.3 դրամ/ռուբլի մակարդակներում: