Արմինֆո. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ներկայացնելով նրան՝ Հարությունյանը նշել է, որ Սերգեյ Ավետիսյանը պետական կառավարման ոլորտում մի շարք պաշտոններ է զբաղեցրել և ունի փորձ ու մասնագիտական կարողություններ՝ առաջադրված նպատակները կյանքի կոչելու համար: Անդրադառնալով ՀՀ ԿԱ ՔԱԳՎ առջև ծառացած նոր ռազմավարական խնդիրներին՝ Դավիթ Հարությունյանն առաջնահերթ է համարել հայկական ավիացիայի զարգացման ծրագրի վերանայումը և գործնական նոր ծրագրի մշակումը՝ հաշվի առնելով մեր երկրի նպաստավոր աշխարհագրական դիրքի ընձեռած առավելությունները:
Սերգեյ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և վարչապետին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ միասնական ջանքերի և համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել շոշափելի արդյունքների: