Արմինֆո. Ըստ Համաշխարհային բանկի հետազոտության, Հայաստանի լեռնահումքային արդյունաբերության զարգացումը կախված է մեկ խոշոր խաղացողի գործունեությունից: Այս մասին հունիսի 8-ին հայտարարել է ՀԲ Հայաստանի հանքարդյունաբերության հարցերով գլխավոր մասնագետ Կիրստեն Հունդը, նշելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Ոլորտի ռազմավարական նշանակության առումով փորձագետը նշել է. «Ոլորտի առջև ներկայումս ծառացած հիմնական մարտահրավերները նպաստում են լեռնահումքային ոլորտի կայունության խախտմանը, կապված գների տատանումների հետ միջազգային շուկայում: Մինչդեռ մեր աշխատանքի հիմնական նպատակը ոլորտի կայունությւան ապահովումն է, ինչը նպաստում է երկրի տնտեսական աճինե: Փորձագետը հավելել է, որ Հայաստանում կան ընդամենը մի քանի փոքր լեռնահումքային ոլորտի ձեռնարկություններ, որոնք ի վիճակի են աշխատել շահույթով: Նա նշել է նաև սոցիալական և բնապահպանական մարտահրավերների կարևորությունը:
Իսկ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար – նախարար, Դավիթ Հարությունյանը նմշել է, որ այս գնահատումը կարող է որպես գործիք ծառայել երկրի կայուն զարգացման հարցում հաստատուն ներդրում ունեցող պատասխանատու, թափանցիկ հանքարդյունաբերություն ձևավորելու ճանապարհային քարտեզ մշակելու համար, հավելելով, որ գնահատմամբ կառավարությանը առաջարկվում է ձեռնամուխ լինել հանքարդյունաբերության ազգային քաղաքականության մշակման աշխատանքներին, որպեսզի ապահովվի ոլորտի հստակ կարգավորումը: Քաղաքականությունը պետք է նաև շահագրգիռ կողմերի միջև փոխհամաձայնության կայացման հնարավորություն ապահովի, քանի որ դա խիստ կարևորվում է ինքնաբավ, թափանցիկ ու հաջող արդյունաբերության խթանման հարցում: Նրա խոսքով, գնահատմամբ առաջարկվում են մի շարք ախտորոշիչ ուսումնասիրություններ, որոնք հանքարդյունաբերության ազգային քաղաքականության մշակման ելակետը կհանդիսանան: Այս ուսումնասիրությունները կդիտարկեն սոցիալական և բնապահպանական իրավիճակը. երկրաբանական և տեխնիկական ռիսկերը. տեխնիկայի կարիքները. առողջապահական ու անվտանգության նորմերը և տնտեսական պայմանները, ինչպես նաև կվերհանեն այն քայլերն ու միջոցները (տեխնիկական, ֆինանսական, կադրային), որ անհրաժեշտ են քաղաքականության փաստաթուղթը մշակելու համար:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: Նա նշել է, որ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակում շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավման մոտեցումը գերազանց հիմք կհանդիսանա հանքարդյունաբերության առաջարկվող ազգային քաղաքականության շուրջ փոխհամաձայնության ձևավորման համար: Նա նաև նշել է, որ վերջին 5 տարիներին լեռնահումքային ոլորտը տարեկան արտահանում է 500 մլն.դոլարի հումք:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին` իրականացնելու հանքարդյունաբերության հետ կապված հիմնական սոցիալական ու բնապահպանական մարտահրավերների և ապագա հնարավորությունների գնահատում: Գնահատումը կօգնի ընդերքի մասին ռազմավարության ձևավորմանը, որտեղ կարտացոլվի լավագույն միջազգային փորձը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում 2016 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10% (նախորդ տարվա աճը` 4,2%), կազմելով 421 մլրդ դրամ ($ 864.7 մլն.): Ընդ որում, հայաստանի արդյունաբերական հատվածի վերընթաց տրենդը, ինչպես և նախկինում, հիմնականում աջակցվում է հանքահումքային ոլորտի զգալի աճի հաշվին, որը հաշվետու ժամանակահատվածում ցուցադրեց 21.5% աճ, մինչև 77,1 մլրդ դրամ, ինչը զիջում է նախորդ տարվա վերընթաց տրենդին (30.9%):