Արմինֆո. Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջոցով Հայաստանին կտրամադրի 30 մլն.դոլարի վարկ, երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով: ՎԶՄԲ հետ համաձայնագիրը, որն ստորագրվել է 2016 թվականի մայիսի 12-ին, հունիսի 16-ին քննարկվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:
Խորհրդարանի վավերացմանը ներկայացնելով փաստաթուղթը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը տեղեկացրել է, որ վարկը տրամադրվում է 25 տարով, այդ թվում` 14.5 տարի արտոնյալ ժամկետով, Libor + փոփոխվող մարժա վեցամսյա տոկոսադրույքով, որը ներկայումս մոտավորապես համարժեք է 1.8%-ին: Վարկի հիմնական մասը կմարվի 2030-2040 թվականներին: Տրանշերը կսկսեն տրամադրվել 2016 թվականի հուլիսի 31-ից մինչև 2030 թվականը: Վարկերը կտրամադրվեն գեներացիայի երկու պետական օբյեկտներին – Հայկական ատոմակայանին (8.5 մլն.դոլար) և Երևանի ՋԷԿ-ին (21.5 մլն.դոլար): Երկու օբյեկտներն էլ պետք է վերաձևակերպեն երկրի առևտրային բանկերից ստացված վարկերը: Բացի այդ, Երևանի ՋԷԿ-ը կմարի իր վարկը` «Գազպրոմ Արմենիա» ընկերության հանդեպ արդեն տրամադրված գազի դիմաց: Փոխնախարարը հաղորդել է, որ միջնաժամկետ հեռանկարում պետական օբյեկտների մասնավորեցում չի նախատեսվում, հետևաբար, պարտքերի բեռը կընկնի այս երկու ընկերությունների վրա, համաձայն ֆինանսների նախարարության հետ ստորագրված ենթահամաձայնագրի:
«Էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակի և կառավարման բարելավումը և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության հետ ավելի լավ կառավարվող ֆինանսական հարաբերությունը կարևորագույն նշանակություն ունեն մատչելի սակագներով բավարար և հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարումը պահպանելու համար՚,- ասում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին: «Կառավարությունը հանձն է առել բարելավել նշված ընկերությունների ֆինանսական կառավարումը և այդ ուղղությամբ արդեն իրականացրել է մի շարք քայլեր, ինչպես արտացոլված է Էներգետիկ ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրում»,-նշել է նա: Ըստ նրա, ծրագիրը կապահովի արդյունքային չորս ուղղություն՝ կդադարեցվի էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների դրամական միջոցների արտահոսքը հիմնական գործունեությանը չառնչվող ուղղություններով, կնվազեցվեն թանկ առևտրային վարկերը և դեբիտորական պարտքերը և կվճարվի բնական գազի դիմաց Երևանի ՋԷԿ-ի կրեդիտորական պարտքը, կսահմանվեն էլեկտրաէներգիայի մատակարարման արժեքի փոփոխություններն արտացոլող սակագներ և կպահպանվի Երևանի ՋԷԿ-ի՝ համակցված շոգեգազային ցիկլով (ՀՇԳՑ) կայանի գազատուրբինի արտադրական հզորությունը: 2016 թ.-ի հունվարի վերջից սկսած արտադրող ընկերություններն ի վիճակի էին սկսել վարկերի մարումը՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ)՝ էլեկտրաէներգիայի բաշխիչ միակ ընկերությունից դեբիտորական պարտքերի ստացման շնորհիվ: ՀԷՑ-ից դեբիտորական պարտքերի հետ ստացումը կտա կուտակված ծախսերը ֆինանսավորելու հնարավորություն՝ կարևորագույն հիմնանորոգման և պահպանման աշխատանքների համար, սակայն կայուն ֆինանսական վիճակի վերականգնման ընթացքում Երևանի ՋԷԿ-ին և ՀԱԷԿ-ին օգնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ դրամական միջոցների ներարկում:
«Ծրագրի շահառուները երկրի բոլոր էլեկտրաէներգիա սպառողներն են, ինչպես նաև արտադրող պետական ընկերությունները և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերությունը: ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի, ինչպես նաև ՀէՑ-ի ֆինանսական առողջությունը կապահովի բավարար միջոցներ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության համար պահանջվող պահպանման և նոր ներդրումների ուղղությամբ անհրաժեշտ ծախսերի մի մասի համար: Ավելին, ցանցին միացած 140 000 տնտեսվարողներ և այլ իրավաբանական անձինք ևս կշահեն, քանի որ Ծրագիրը կօգնի հուսալի կերպով էլեկտրաէներգիայի նրանց պահանջարկի լիարժեք ապահովմանը»,- ասում է Համաշխարհային բանկի ծրագրի ղեկավար Արթուր Կոչնակյանը:
2012-2014 թթ. ՀԷՑ-ի կրած վնասի գումարային մեծությունը կազմել է շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ պայմանավորված հասույթի պակասով, որը կուտակվել էր իր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով (օրինակ՝ սակավաջուր տարիներ, ՀԱԷԿ-ի՝ սպասվածից երկարատև ընթացիկ պահպանման աշխատանքներ): Բացի այդ, գործող կանոնակարգը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) չէր թույլատրում ՀԷՑ-ի սակագնային մարժան ճշգրտել՝ գնված էլեկտրաէներգիայի փաստացի և կանխատեսված արժեքի տարբերությունը սակագնային հաջորդ ժամանակահատվածում լիարժեք արտացոլելու համար: 2015 թ. սակագնային մարժան վերանայվել է՝ նախորդ տարիներին կրած վնասները փոխհատուցելու համար: Առաջիկայում ՀԾԿՀ կվերանայի մեթոդաբանությունը՝ տալով վերը նշված տարբերության հետևանքով կրած վնասի (շահույթի) 100 տոկոսը, ինչպես նաև տոկոսային ծախսը (շահույթը) արտացելու հնարավորություն:
Հիշեցնենք, որ երկրի էներգետիկ ոլորտի առողջացման նպատակով ՀՀ կառավարությունը փետրվարի 18-ին որոշում էր ընդունել Համաշխարհային բանկից ներգրավել 30 մլն.դոլար: Նշված գումարից 4 մլրդ.183 մլն.դրամ կհատկացվի էլեկտրակայանին, 10 մլրդ.717 մլն.դրամ` Երևանի ՋԷԿ-ին, որպեսզի վերջինս կարողանա մարել իր պարտքերը: