Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, հանրապետության նախագահը ողջունել է բանկի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն ևս մեկ անգամ վկայում է ԱԶԲ-ի հետ Հայաստանի ունեցած ամուր գործընկերային հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ԱԶԲ-ի գործունեությունը: Ընդգծելով, որ համագործակցության անցած ավելի քան մեկ տասնամյակում երկկողմ արդյունավետ փոխգործակցության արդյունքում բանկի կողմից Հայաստանի տնտեսության մեջ կատարվել են զգալի ներդրումներ, Նախագահը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի:
Զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ ֆինանսավորմամբ մեր երկրում մի շարք խոշոր ծրագրերի իրականացմանն ու հետագա համագործակցության ծրագրերին՝ նկատի առնելով ՀՀ տնտեսության առաջնահերթությունները:
Հանրապետության նախագահը հավաստիացրել է, որ մեր երկրում իրականացվող բարեփոխումները և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը շարունակական կլինեն:
Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունների պայմաններում Հայաստանի վարած խելամիտ մակրոտնտեսական քաղաքականությունը և դրա արդյունքում արձանագրված ցուցանիշները: Նրանք ընդգծել են, որ բանկը շարունակելու է Հայաստանի բարեփոխումների օրակարգին օժանդակությունն ու տնտեսության զարգացմանը նպաստելու առաքելությունը:
Հանդիպմանը ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամներն իրենց մոտեցումներն ու գնահատականներն են ներկայացրել բանկի հետ Հայաստանի 2014-2018թթ. գործընկերության ռազմավարության շրջանակներում իրականացված և ընթացիկ ծրագրերի մասին:
Նշենք, որ 2014-2018 թթ. ռազմավարության համաձայն, Ասիական զարգացման բանկը մտադիր է Հայաստանին շուրջ 500 մլն դոլարի ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Միջոցներն ուղղված են էներգետիկայի և սոցիալական ծառայությունների ոլորտներում երկրի ճկուն, համապարփակ և կայուն զարգացմանն օժանդակությանը: Տրանսպորտի ոլորտում ԱԶԲ–ն կշարունակի օժանդակություն ցուցաբերել Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաև բարձր աղքատության քաղաքների միջև տրանսպորտային կապերի ամրապնդման հարցում։ Երկրի տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման համար ԱԶԲ–ն կաջակցի նաև հարևան Վրաստանի հետ Հայաստանը կապող ճանապարհների զարգացմանը։ Բացի այդ, ԱԶԲ–ն կաջակցի բարձր աղքատությամբ քաղաքների կայուն զարգացմանը` օգնելով տեղական կառավարման մարմիններին համակարգված ծրագրերի մշակման հարցում և տրամադրելով ենթակառուցվածքների արդիականացման համար անհրաժեշտ ներդրումներ` ներառյալ ջրամատակարարումը, ինչպես նաև քաղաքային ճանապարհների և կոշտ թափոնների կառավարման ոլորտները։ Հայաստանի էլեկտրաէներգետիկ մաշված ենթակառուցվածքները և հանքային վառելիքի ներկրումից խիստ կախվածությունը թուլացնում են երկրի էներգետիկ անվտանգությունը։ ԱԶԲ–ն օգնություն կցուցաբերի այդ խնդրի լուծման հարցում` աջակցելով էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը և արդիականցմանը:
Հայաստանը միացել է ԱԶԲ–ին 2005 թվականին և ընդգրկված է խառը (արտոնյալ և սովորական) ֆինանսավորմամբ երկրների խմբում։ ԱԶԲ–ն զբաղվում է Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատման հարցերով՝ տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման խթանման միջոցով։