Արմինֆո. 2016 թ. հունիսի 28-ի Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.5%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2016 թ. մայիսին արձանագրվել է 0.7% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -2.1%:
Արտաքին հատվածում հիմնականում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, ինչպես նաև վերջին շրջանում միջազգային ապրանքային շուկաներում ձեռքբերված հարաբերական կայունությունը, ընդ որում, որոշ ապրանքների գծով դիտվել են որոշակի գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Միաժամանակ, ԿԲ-ը շարունակում է հետևել և մշտադիտարկել ֆինանսական շուկաների՝ Եվրամիությունում ընթացող գործընթացներից բխող զարգացումները:
Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում շարունակել է դիտվել համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն, ինչն ուղեկցվել է համախառն պահանջարկի որոշակի վերականգնմամբ: Չնայած դեռևս պահպանվող ցածր ներքին պահանջարկի, այդուհանդերձ, վերջին ժամանակահատվածում Կենտրոնական բանկի և Կառավարության կողմից իրականացված խթանող քաղաքականության հետևանքով, այն վերականգնվում է սպասվածից ավելի արագ տեմպերով, ինչի մասին ակնհայտորեն վկայում է թե՛ առևտրի ոլորտի, թե՛ ապրանքների ներմուծման և թե՛ տնտեսության վարկավորման մասով արձանագրված աճը:
ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր գնաճային միջավայր, իսկ գնաճային սպասումները կլինեն համեմատաբար կայուն, այդուհանդերձ, տարվա երկրորդ կիսամյակում գնանկումը զգալիորեն կդանդաղի: Ստեղծված իրավիճակում ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի պարագայում գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:
Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9 % և 6 %:
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ վերանայումը տեղի էր ունեցել 2016 թվականի մայիսի 17-ի նիստում, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.25%-ից իջեցվեց մինչև 7.75%, իսկ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանվեցին`9.25% և 6.25%, նախկին` 9.75% և 6.75% փոխարեն: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ փոփոխությունը տեղի էր ունեցել 2016 թվականի մարտի 29-ին, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%-ից իջեցվեց մինչև 8.25%, իսկ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանվեցին`9.75% և 6.75%, նախկին` 10% և 7% փոխարեն: 2016 թվականի առաջին ոփոխությունը տեղի է ունեցել փետրվարի 16-ին՝ 8.75%-ից իջեցվել էր մինչև 8.25%, իսկ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանվել էին`10% և 7%,: Մինչ այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում տեղի էր ունեցել 2015 թվականի նոյեմբերի 10-ին`10,25-ից մինչև 9,75%, երբ լոմբարդային ռեպոների տոկոսադրույքերը 11.75%-ից նվազեցվել էր մինչև 11.25%, իսկ ներգրավվող ավանդների տոկոսադրույքերը` 8.75%-ից մինչև 8.25%: