Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հուլիսի 15-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ընդունել է ՓՄՁ աջակցման նպատակով կիրառվող պետական մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը:
Նախարարը նշել է, որ ՓՄՁ հատվածի աջակցությունը հանդիսանում է նախարարության առաջնահերթ ուղղություններից մեկը, որն իրականացվում է աջակցության տարեկան ծրագրի, ինչպես նաև ՓՄՁ ոլորտի աջակցման Ազգային հիմնադրամի միջոցով, իրականացնելով փոքր և միջին բիզնեսի աջակցման քաղաքականությունը:
Նրա խոսքով, Հիմնադրամն այդ ուղղությամբ գործունեություն է իրականացնում, սկսած հետազոտություններից մինչև կոնկրետ ծրագրերի ֆինանսավորում, տրամադրելով 5 մլն. դրամից մինչև 50 մլն.դրամի երաշխավորված վարկավորում: Բացի այդ, ըստ նախարարի, Հիմնադրամի կողմից ստեղծվել և գործում է «Ունիվերսալ վարկային կազմակերպոթյուն» բաժնետիրական ընկերությունը, որը ֆինանսավորում է ՓՄՁ ոլորտի վարկային ծրագրերը 300 մլն.դրամի սահմաններում:
Ա.Մինասյանը նշել է, որ ներկայումս արդեն արձանագրվել են բավականին լուրջ ցոցանիշներ, բայց դրանք չեն կարող ապահովել ոլորտի լիարժեք զարգացումը, քանի որ ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում կազմում է մոտ 25%: «Մինչդեռ, եվրոպական երկրներում այս ցուցանիշը հասնում է 60%-ի»,-հայտարարել է Մինասյանը: Այս համատեքստում նա ընդունում է ՓՄՁ աջակցման նպատակով կիրառվող պետական մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը: Ներկայումս նախարարության դիտարկումներում գտնվող 280 ընկերություններից միայն 40-ն է ՓՄՁ սուբյեկտ, մյուսները խոշոր կազմակերպություններ են, ասել է նախարարը, ընդգծելով, որ զգացվում է նաև հաշվառման մեթոդաբանության ճշգրտման անհրաժեշտությունը: Նախարարը հիշեցրել է, որ «Արևելյան գործընկերության» էկոնոմիկայի նախարարների վերջին հանդիպման ընթացքում այդ հարցը դարձավ քննարկումների կենտրոնական թեման, քանի որ ցանկացած պետական քաղաքականություն, որն ուղղված է ՓՄՁ աջակցությանը, ընկերությունների հաշվառման հստակ մեխանիզմների բացակայության պատճառով դառնում է «քիչ հասցեավորված և քիչ տեսանելի»: Ինչպես հաղորդել է Մինասյանը, ԵՄ ներկայացուցիչները պատրաստակամույուն են հայտնել Հայաստանին աջակցել միասնական մեթոդաբանության մշակման գործում:
Ըստ USAID «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» հետազոտության, Հայաստանում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների մոտ 50%-ը հասանելիություն չունի դեպի ֆինանսական միջոցները: ՓՄՁ մասնաբաժինը երկրի ՀՆԱ կառուցվածքում, ըստ նոր մեթոդաբանության, կկազմի 30%: Ըստ վերջին տվյալների, Հայաստանում գործում է մոտ 70 հազար ՓՄՁ ոլորտի ընկերություն, իսկ 2015 թվականի արդյունքներով ՓՄՁ մասնաբաժինը երկրի 2015 թվականի պետբյուջեի եկամուտներում կազմել է 2.4%: