Արմինֆո. Ներկա դրությամբ Իրանից Վրաստան գազի արտահանման որևէ համաձայնագիր գոյություն չունի: Այդ մասին, ինչպես հայտնում է ՙBusiness Գրուզիա՚ թերթը, Trend-ին հայտարարել է
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինը՝ մեկնաբանելով իրանական մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվությունը Հայաստանի տարածքով Վրաստան իրանական գազի մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:
Դեսպանի խոսքով, ԶԼՄ-ներում այդ հարցին առնչվող ցանկացած տեղեկություն հենված չէ պաշտոնական հայտարարությունների վրա: Ավելի վաղ Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիկա Վալիշվիլին Trend-ին հայտարարել էր, որ վրացական կառավարությունն իրանական գազի մատակարարումների վերաբերյալ պայմանագրեր չի կքնել:
Ներկայումս Ադրբեջանը Վրաստան գազի հիմնական մատակարարն է: Ռուսաստանից Վրաստանը ստանում է ռուսական գազի Հայաստան մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար:
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանը փորձնական համաձայնագիր է կնքել Հայաստանի տարածքով Վարստան գազի արտահանման շուրջ: Այդ մասին հաղորդել էր Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն` ամփոփելով Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հանդիպման արդյունքները: Ինչպես նշել էր նախարարը, ԻԻՀ ծրագրում է ավելացնել Հայաստան բնական գազի արտահանումը մինչև 2019 թիվը` օրական 1 մլն խմ-ից մինչև 3 մլն խմ: «Իհրակե, Հայաստանը մեծ սպառող չէ, - նշել է նախարարը, - սակայն կարող է կարևոր ճանապարհ բացել Իրանից գազի արտահանման համար՚: Հաղորդվել էր, որ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան գազի փորձնական արտահանումն Իրանը մտադիր է իրականացնել առաջիկա ամիսներին ընթացքում, և արդեն հիմնական համաձայնագիր կա Իրանի և Վրաստանի միջև` Հայաստանի տարածքով գազի փոխադրման շուրջ:
Նշենք, որ օգոստոսի 4-ին ՀՀ կառավարությունը որոշեց ստեղծել «Էներգաիմպեքս՚ ՓԲԸ-ն, որը կզբաղվի իրանական գազի գնումներով: Հիշեցնենք, որ Իրան - Հայաստան գազատարի հզորությունը կազմում է տարեկան 2,3 մլրդ խորանարդ մետր: Իրանը Հայաստանին գազ է մատակարարում ջերմային էլեկտրակայանների համար: 2004 թ. ՀՀ կառավարությունը նախաձեռնեց «Իրան - Հայաստանե գազատարի շինարարությունը: 113 կմ երկարությամբ գազատարը բացվեց 2007 թվականին: Համաձայնագրով նախատեսվում է, որ 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստանին կմատակարարի 36 մլրդ խորանարդ մետր բնական գազ, պայմանագրի գործողության ժամկետը 5 տարի երկարացման և մատակարարումների ընդհանուր ծավալը մինչև 47 մլրդ.խոր.մետր ավելացման հնարավորությունով:
Ներկայումս Իրանը Հայաստանին տարեկան մատակարարում է մոտ 370 մլն խորանարդ մետր գազ, իսկ հետագայում, Երևանի և Վանաձորի ՋԷԿ-երի երկու նոր բլոկների շահագործման հանձնելուց հետո, մատակարարման ծավալները կարող են աճել մինչև 1.2 մլրդ խորանարդ մետր: