Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է առաջիկա 15 օրերին լուծել Աղավնաձոր գյուղի խաղողագործների նկատմամբ կուտակված պարտքերի հարցը: «Վայոց Ձորի մարզպետ և «Վեդի Ալկո» գինու գործարանի ղեկավարն այժմ գտնվում է Աղավնաձորում, քննարկվում է պարտքերի վճարման հարցը»,-հայտարարել է վարչապետը լրագրողներին սեպտեմբերի 1-ին, մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Աղավնաձորի բնակիչներն, ի նշան բողոքի, սեպտեմբերի 1-ին երեխաներին դպրոց չեն ուղարկել և պահանջում են վճարել անցյալ տարվա մթերումներից կուտակված պարտքերը:
Վարչապետը նշել է նաև, որ խոսակցություններն այն մասին, որ պարտքի վճարմանն ուղղված նրա խոստումներն անհիմն են, ոչ մի կապ չունեն իրականության հետ:
Հիշեցնենք, որ «Վեդի Ալկո» գործարանը ֆերմերներին դեռ անցյալ տարվա բերքի մթերումներից պարտք է մնացել 140 մլն.դրամ:
Նշենք, որ Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչներն, ի նշան բողոքի` կապված անցյալ տարվա բերքի մթերումներից գոյացած իրենց վճարվելիք պարտքերի հետ, այսօր փակել էին մուտքը դեպի դպրոց և աշակերտներին չէին թողնում ներս: Նկատենք, որ սա բողոքի առաջին ակցիան չէ: Ավելի վաղ նրանք փակել էին միջպետական նշանակության ճանապարհը: Մոտ մեկ ամիս առաջ գյուղ այցելեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոստանալով լուծել պարտքերի հետ կապված պրոբլեմը: Սակայն, գյուղի բնակիչներն ասում են, որ պրոբլեմն այդպես էլ չի լուծվել, դրա համար էլ իրենք ստիպված են դիմել այս քայլին:
Ի դեպ, «Վեդի Ալկո» ընկերության տնօրենը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ խաղողը ստիպված են եղել մթերել վարչապետի և գյուղնախարարի կոչերով, որ իրենք դրա դիմաց վճարելու գումար չունեն, և որ իրենք նախապես զգուշացրել էին, որ վճարումները կուշանան:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի ձեռնարկությունների Ռենկինգի, «Վեդի Ալկո» ընկերության զուտ շահույթը 2015 թվականին կազմել է 77.7 մլն դրամ, տարեկան կտրվածքով ավելանալով 3,2 անգամ, դուրս գալոով վնասաբերությունից: Վաճառքից գոյացած հասույթը հաշվետու տարում նվազել է 35%, մինչև 1,7 մլրդ դրամ, իսկ վաճառքի ինքնարժեք - 42%, մինչև 1,1 մլրդ դրամ, ինչը ձևավորվել է 585.3 մլն դրամի համախառն շահույթ, տարեկան անկումը`9%: Իրացման հետ կապված ծախսերը 2015-ին նվազել են գրեթե 3 անգամ, մինչև 71,7 մլն դրամ: Ընկերության ակտիվները նվազել են 12,2%, մինչև 4,3 մլրդ դրամ: