Արմինֆո. ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի սեպտեմբերի 19- 22-ը Երևանում կայանալիք ՙMade in Armenia-2016՚ ցուցահանդեսի կազմակերպմանը և անցկացմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով, ցուցահանդեսի շրջանակներում սեպտեմբերի 20-ին նախատեսված է տնտեսական մեծ համաժողով, որում ներկայացված կլինեն Իրանի և Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները: Սպասվում է, որ համաժողովին ներկա կգտնվի շուրջ 200 մասնակից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ Իրանից և ԵՏՄ երկրներից: Ցուցահանդեսի և համաժողովի անցկացումը իրական հնարավորություն է հայ արտադրողների արտադրանքին ծանոթանալու համար, ինչը կարևոր է արտադրանքի արտահանմանն աջակցելու տեսակետից: Ցուցահանեսի և համաժողովի կազմակերպմանը և անցկացմանն աջակցելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 26,6 մլն դրամ կհատկացվի: Իսկ առաջիկա միջոցառումների ընդհանուր բյուջեն կազմում է 78 մլն դրամ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ցուցահանդեսին կմասնակցի արդյունաբերության տարբեր հատվածները ներկայացնող և արտահանման ներուժ ունեցող ավելի քան 320 ընկերություն Հայաստանից և Արցախից՝ տեղական արդյունաբերության ներուժը ցուցադրելու, իրացման նոր շուկաներ բացահայտելու, օտարերկրյա ներդրողներ ներգրավելու, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, գործարար կապեր հաստատելու նպատակով:
Ցուցահահանդեսին ներկայացված արտադրանքի արտահանմանն աջակցելու համար, ինչպես նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը, կազմակերպիչներն ակնկալում են ԵՏՄ, ԵՄ երկրներից, Իրանից, ԱՄՆ-ից, Չինաստանից հավանական գնորդների և ներդրողների պատվիրակությունների այցը: Ցուցահանեսի շրջանակներում սեպտեմբերի 20-ին կանցկացվի ՙՀայաստանը՝ որպես կամուրջ դեպի խոշոր շուկաներ՚ տնտեսական համաժողովը, որի ժամանակ կքննարկվեն ներդրումային ծրագրերը տրանսպորտի, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում:
ՙMade in Armenia՚-ն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կապակցությամբ: Այս տարի այն նվիրված է անկախության 25-ամյակին: