Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Վաշինգտոն քաղաքում 2016 թվականի հոկտեմբերի 6-9-ը ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի հայ – ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված են հայ – ամերիկյան տնտեսական երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված շուրջ մեկ տասնյակ հարցեր:
Վաշինգտոն քաղաքում փոխվարչապետ Վաչե Գաբրիելանը կմասնակցի նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2016 թվականի տարեկան ժողովին: Այցի շրջանակներում Վաչե Գաբրիելյանը մի շարք կարևոր հանդիպումներ կունենա Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների և Արժույթի միջազգային հիմնադրամի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում հոկտեմբերի 9-13-ը կմասնակցի նաև «Հայաստան ներդրումային համաժողով 2016» համաժողովի աշխատանքներին: Համաժողովը, որին նախատեսվում է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, նպատակ ունի ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունն ու ցուցադրել Հայաստանի մրցակցային առավելությունները:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայստանի և ԱՄՆ միջև առևտրի շրջանառությունը 2016 թվականի հունվար-օգոստոսին տարեկան կտրվածքով նվազել է 26,3%, կազմելով $ 77,5 մլն, մասնավորապես, արտահանումը նվազել է 29,6%, մինչև $ 26,5 մլն, իսկ ներմուծումը`24,5%, մինչև $ 51 մլն: