Արմինֆո. Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում, կայացած ներդրումային համաժողովի շրջանակներում, հանդիպել է«Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 29-ին Հայաստանի կառավարությունը համաձայնագիր է ստորագրել Contour Global Hydro Cascade և CG Solutions Global Holding ընկերության հետ, 180 մլն.դոլարով «Որոտանի Կասկադ ՀԷԿ» ՓԲԸ վաճառքի մասին: Ամերիկյան ընկերությունը պարտավորվել է «Կասկադի» վերանորոգման և արդիականացման նպատակով առաջիկա 6 տարիներին ներդնել մոտ 70 մլն.դոլար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են Հայաստանում շուրջ մեկ տարի առաջ բացված «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության այդ ժամանակահատվածի արդյունքները և մեր երկրում մինչ այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային հաջորդ փուլի նախապատրաստական աշխատանքները: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել ձևավորված համագործակցության մակարդակը, որը, նրանց համոզմամբ, ընկերությանը հնարավորություն է տվել գործունեության կարճ ժամանակահատվածում տեսանելի արդյունքներ արձանագրել:
Հիշեցնենք, որ «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրին» բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրահամակարգի սահմանված հզորությունների շուրջ 15%-ը: Այն ապահովում է 250 000 բնակելի շենքերի և մասնավոր տնտեսությունների էլեկտրաէներգիայով մատակարարումը: Ըստ համաձայնագրի պայմանների, Որոտան գետի վրա գտնվող երեք ՀԷԿ- երի սեփականատերն ու կառավարիչը ContourGlobal Hydro Cascade ընկերությունն է։ Առաջիկա վեց տարիներին ընկերությունը 50 մլն եվրո կներդնի Որոտանի կասկադի արդիականացման համար։ Ըստ ContourGlobal Hydro Cascade- ի՝ այդ աշխատանքների արդյունքում կբացվի 150 կարճաժամկետ եւ 150 երկարաժամկետ աշխատատեղ։
ContourGlobal- ը միջազգային էներգետիկական ընկերություն է, որ գործում է աշխարհի 20 երկրներում։ Ընկերության 1650 աշխատակիցներ ապահովում են տարբեր վառելիքով, նաեւ վերականգնվող՝ քամու, արեւի եւ կենսազանգվածի էներգիայով աշխատող 58 էլեկտրակայանների աշխատանքը։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ContourGlobal տնօրինում և կառավարում է շուրջ 1 220 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիայի արտադրության ընկերություններ, որոնք գտնվում են Ավստրիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում: