Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նկատել են Հայաստանի թեթև արդյունաբերության ապրանքների արտահանման վերակողմնորոշման միտումը` եվրոպական շուկաներից դեպի ռուսաստանյան շուկաներ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերության զարգացման վարչության ղեկավար Արմեն Եգանյանը: Նա նշել է, որ ռուսաստանյան շուկան ունի հսկայական ներուժ, արտադրողներին խորհուրդ տալով այդ շուկայում նոր նիշաներ նվաճելու հարցում ցուցաբերել ագրեսիվ դիրքորոշում:
Ըստ պաշտոնյայի, Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտը տարվա առաջին 8 ամիսներին ցույց է տվել զգալի աճ`հագուստի արտադրությունն աճել է 32%, կոշիկի և կաշվե իրերի արտադրությունը` 26%: Անկում է արձանագրվել միայն տեքստիլի ոլորտում – 6%: Միևնույն ժամանակ, այդ ժամանակահատվածում 60% աճել է արտահանման ծավալը, իսկ միայն կոշիկի արտահանումը` 126%: Այնուամենայնիվ, առայժմ արտահանման հիմնական ծավալը գնում է Եվրոպա, ինչը, ըստ անկախ փորձագետների, կապված է տոլինգային սխեմաներով արտադրանքի հետ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7% (նախորդ տարվա աճը`4,4%), կազմելով 898.7 մլրդ. դրամ ($ 1.8 մլրդ): Դինամիկայի զարգացման հիմնական շարժիչ ուժն է հանքարդյունաբերության ոլորտը: Միևնույն ժամանակ, տրենդի բարելավում է նկատվել նաևվերամշակման արդյունաբերությունում (անկումից դեպի աճ): Միայն օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.3% (2015-ին`9,7% աճ), ապահովելով 121,3 մլրդ. դրամ ծավալ: Այդ նույն ժամանակահատվածում, տնտեսական ակտիվությունը դանդաղել է 2,4%: Տարեկան կտրվածքով աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում - 10.5%, գյուղատնտեսության ոլորտում - 9.8%, արդյունաբերության ոլորտում - 1,3%, իսկ մյուս ոլորտներում արձանագրվել է, մասնավորապես, շինարարություն - 6,2% , առևտրի ոլորտ - 0.1%, էներգետիկ համալիր - 8.7%: Միևնույն ժամանակ, երկրի արտաքին առևտրի շրջանառությունը 2016-ի հունվար-օգոստոսին կազմել է 1500.2 մլրդ. դրամ ($ 3114,7 մլն դոլար), տարեկան աճը`4.6%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալներն աճել են 18,9%, մինչև 544 մլրդ դրամ ($ 1129,7 մլն), իսկ ներմուծման ծավալները`2,1%, մինչև 956.2 մլրդ դրամ ($ 1,985 մլրդ):