Արմինֆո. Դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների ներհոսքի կրճատումը վերջին 2-3 տարիներին կապված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների հետ: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը կառավարության նիստից հետո:
Նրա խոսքով, օտարերկրյա ներդրումների բացասական միտումը մասնակիորեն կապված է արտաքին գործոնների հետ, մասնավորապես, Լարսի անցակետի փակումը և Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան: Բայց պակաս դեր չեն խաղում նաև վերջին քաղաքական զարգացումները երկրի ներսում: «Դրանք այն գործոններն են, որոնք ազդեցին Հայաստանի ներդրումային քարտեզի յուրօրինակ ճշգրտման վրա, ինչը բերեց նրան, որ մենք ի վիճակի չեղանք ընդունել ներգրավվող միջոցների վերաբերյալ նախկին կանխատեսումների իրականացման համար նախատեսված ողջ գործիքները»,-նշել է նա:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ԱՄՆ-ից Հայստանի տնտեսության իրական հատվածին ուղղված զուտ ներդրումների հոսքը 2016 թվականի հուլիսի 1-ին (I կիսամյակում) կազմել է 564,2 մլն դրամ, ընդ որում, ՕՈՒՆ-ի միայն բացասական ցուցանիշը հասել է 1.2 մլրդ դրամի: Միացյալ Նահանգներից ներդրումները հիմնականում ուղղվել են ՏՏ ոլորտին, ֆինանսական միջնորդությանը, զբոսաշրջությանը և էներգետիկ համալիրին: Իսկ ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը Հայաստանի տնտեսության իրական հատվածում նույն ամսաթվով կազմել է մինուս 16.9 մլրդ դրամ,ընդ որում, միայն ՕՈՒՆ գծով զուտ հոսքը դեպի տնտեսության իրական հատված կազմել է դրական 16,6 մլրդ դրամ (նախորդ տարվա, համապատասխանաբար`81.9 մլրդ դրամի և 30.7 մլրդ դրամի համեմատ): Նշենք, որ արդեն ավելի քան երկու տարի վիճակագրական տվյալներում, մեթոդաբանության վերանայման հետևանքով, ներդրումների վերաբերյալ տվյալներում չի նշվում ներհոսքի և արտահոսքի բացարձակ արժեքը, այլ միայն բերվում է այդ ցուցանիշների սալդոն: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի հուլիսի 1-ին կազմել է 476.68 դրամ / $ 1):