Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի մասնակիցներին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, ողջունելով նրանց Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը կարևորել է, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության այս օգտակար նախաձեռնության մեկնարկը տրվում է ներկայացուցչական մակարդակով, քանի որ, նրա համոզմամբ, մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր էական ներդրումը բերելու համաժողովի կայացմանն ու շարունակականության ապահովմանը:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը կարող է դառնալ կարևոր հարթակ մասնակից երկրների պետական, գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչների համար՝ հնարավորություն ընձեռնելով մշակելու գործնական մեխանիզմներ՝ ուղղված այդ երկրների փոխգործակցության ներուժի բացահայտմանը, ինչպես նաև դիտարկելու առավել ընդլայնված բազմակողմ տնտեսական համագործակցության հնարավորությունները: ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են ընդունել գործընկերներին, և մեր երկիրը բաց է համագործակցության ծրագրերի քննարկման համար: Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Նշենք, որ հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Եվրասիական գործընկերության առաջին միջազգային ֆորումի նպատակը երկկողմ և բազմակողմ առևտրի և տնտեսական գործընկերության ինտեգրման գործընթացների զարգացումն է Եվրասիական տարածությունում, ԵԱՏՄ, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԱՊՀ-ի, ՇՀԿ, BRICS և այլ շահագրգիռ պետությունների և ինտեգրացիոն կառույցների մասնակցությամբ:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |