Արմինֆո. Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունն Ասիական զարգացման բանկի հետ (ԱԶԲ): Այս մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը Հայաստանում ԱԶԲ ղեկավարի տեղակալ Սեզար Լորենս Ալվարեսի հետ հանդիպման ընթացքում, որի շրջանակներում կողմերը քննարկեել իրականացվող ծրագրերի ընթացքը և մշակեցին հետագա համագործակցության նոր ուղենիշները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, սա նորանշանակ նախագահի հերթական աշխատանքային հանդիպումն էր միջազգային գործընկերների հետ, որի հիմնական նպատակը ընթացիկ ծրագրերի քննարկումը և հետագա համագործակցության համար ուղենիշերի մշակումն է:
Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենս Ալվարեսը շնորհավորել է Արսեն Հարությունյանին վերջերս ստանձնած պաշտոնի կապակցությամբ և հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը ևս արդյունավետ կլինի: «Հայաստանում մինչ օրս իրականացված ծրագրերը հուսադրող են ԱԶԲ-ի համար»,- շեշտեց Ս. Լորենս Ալվարեսը:
ՋՏՊԿ նախագահը վստահեցրել գործընկերներին, որ հիմնավոր և արդյունավետ որևէ ծրագիր դուրս չի մնա նոր կառավարության և Ջրային տնտեսության պետական կոմիտեի ուշադրության կենտրոնից: Ա. Հարությունյանը ներկայացրել է նաև իր մոտեցումները ՋՏՊԿ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով.
«Հատկապես կցանկանայի ներկայացնել իմ մոտեցումները ԾԻԳ-երի հետ կապված:
Միջազգային գործընկերների համար լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար ԾԻԳ-երում կառանձնացվեն մասնագետներ, ովքեր կհամակարգեն աշխատանքը որոշակի միջազգային կառույցների հետ՝ ապահովելով նրանց հետ ուղղակի կապն ու անխափան հաղորդակցությունը»,- ասել է Ա. Հարությունյանը:
Ս. Լորենս Ալվարեսը ողջունել է ՋՏՊԿ նախագահի այս մոտեցումը և նշել, որ պատրաստ են 2018 թ.-ին նախատեսված նոր վարկային ծրագրերն իրականացնել արդեն այդ ձրաչափով:
Հանդիպմանը ներկա էր նաև «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Նա ներկայացրել է, որ Արարատի և Արմավիրի մարզերում այս պահին տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ են ընթանում, որոնց արդյունքները ստանալուց հետո պարզ կլինի, թե ոռոգման և խմելու ջրի համակարգերի բարելավմանն ուղղված ինչ ծրագրեր կարելի է իրականացնել այդ մարզերում:
Նշենք, որ Հայաստանը միացել է ԱԶԲ-ին 2005 թվականին և գտնվում է խառը (արտոնյալ և սովորական) ֆինանսավորմամբ երկրների շարքում: ԱԶԲ-ն Հայաստանին աջակցում է աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների կայուն զարգացման գործում, օգնելով տեղական իշխանություններին համակարգված ծրագրերի կառավարման և տրամադրելով ներդրումներ, որոնք անհրաժեշտ են ենթակառուցվածքենրի արդիականացման համար, այդ թվում`ջրամատակարման, էներգետիկայի, ինչպես նաև քաղաքային ճանապարհների և կոշտ թափոնների կառավարման ոլորտներում: Հայաստանի հետ համագործակցության 2014-2018 թվականների ռազմավարության համաձայն, ԱԶԲ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել 500 մլն.դոլարի ֆինանսական աջակցություն:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի հունվար-օգոստոսին ջրամատակարարումից, թափոնների մաքրումից, վերամշակումից և երկրորդային հումքի ստացումից եկամուտներն աճել են 7% տարեկան (նախորդ տարվա աճը` 10.1%), մինչև 14.5 մլրդ դրամ, իսկ միայն օգոստոսին`6.4%, ապահովելով 2 մլրդ դրամ: Ընդ որում, այս հատվածում աճը հիմնականում պայմանավորված էր ջրի հավաքումից, մ,շակումից և ստացումից (տարեկան աճ`2,7%, իսկ ամսական աճը`1,9%):