Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի խոշորացումով և կապիտալացումով 2017 թվականին դրական փոփոխություններ են սպասվում հաճախորդներին: Աճող մրցակցային պայքարում բանկերն ստիպված կլինեն գնալ տոկոսադրույքների իջեցման և սպասարկման որակի բարձրացման: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կանխատեսում է արել Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Վահան Դալյանը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ շահութաբերությունն ընդունելի մակարդակում պահպանելու համար բանկերը պետք է ձեռնարկեն արդյունավետության բարելավմանն ուղղված միջոցներ, որոնցից են`ծախսերի կրճատումը, նոր տեխնոլոգիաների և գործիքների ներդրումը և այլն: Հակառակ պարագայում, եթե ROE-ն լինի ավանդային տոկոսադրույքներից ցածր, բանկի սեփականատերերի տեսանկյունից ավելի ձեռնտու կլինի միջոցները տեղաբաշխել ավանդներում կամ պետական պարտատոմսերում, քան դրանք ներդնել բանկային կապիտալում:
«Բանկային համակարգի կապիտալացումը կարող է դրականորեն անդրադառնալ երկրի տնտեսության աճի տեմպերի վրա և նպաստել իշխանությունների կողմից կանխատեսված 2.5-3.5% տնտեսական աճի ապահովմանը: Բայց դա այն պարագայում, եթե իրականացվի համարժեք տնտեսական քաղաքականություն, ինչպես նաև հիմնական գործընկեր երկրներում դիտվի դրական դինամիկա: Հակառակ պարագայում, բանկերում կուտակված և տնտեսության իրական հատվածի վարկավորմանն ուղղված ավելորդ իրացվելիությունը չի բերի դրական տեղաշարժերի տնտեսությունում, այլ, պարզապես, կավելացնի հաճախորդի վարկային բեռը, ինչի ականատեսն ենք վերջին տարիներին»,- նշել է Վ.Դալյանը: Նրա խոսքով, Հայաստանի առևտրային բանկերի միագումար վարկային պորտֆելը դոլարային արտահայտությամբ 2008-2015 թվականներին 2.07 մլրդ.դոլարից ավելացել է մինչև 4.38 մլրդ.դոլար, իսկ երկրի ՀՆԱ-ն 11.6 մլրդ.դոլարից նվազել է մինչև 10.56 մլրդ.դոլար: Արդյունքում, վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն այդ ժամանակահատվածքում 17.8%-ից աճել է մինչև 41.5%, ինչը տնտեսության բացասական միտումների դեպքում կբերի բանկերի վարկային պորտֆելների որակի վատթարացման:
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը Հայստանի բանկերի հիմնական կապիտալի նվազագույն չափը 2017 թվականից սահմանել է 30 մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն: Ներկայումս Հայաստանում գործում է 18 բանկ, այն բանից հետո, երբ վերջին տարում շուկան լքեց 3 բանկ, մասնավորապես, ԲՏԱ Բանկը միացավ Հայէկոնոմբանկին, իսկ ՊրոԿրեդիտ Բանկը`ԻՆԵԿՈԲԱՆԿԻՆ, իսկ 2016 թվականի սկզբին Արդշինբանկը ռուսաստանյան Գազպրոմբանկից գնեց նրա հայկական դուստր բանկը` Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ ՓԲԸ-ն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2015 թվականից մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը $ 1.03 մլրդ-ից աճել է մինչև $ 1.2 մլրդ, ընդ որում, այդ ժամանակահատվածում կապիտալացվել են 10 բանկեր, որոնցից երկուսը`թե 2015-ին, և թե 2016-ին: 2017 թվականից սահմանված ընդհանուր կապիտալի նորմատիվը ոհւլիսի 1-ի դրությամբ կատարել են ընդամենը 7 բանկեր - 32-60.3 մլրդ դրամ ($ 126.4 մլն - 67.2 մլն.) միջակայքում: Բանկային համակարգի վարկային պորտֆելը հուլիսի 1-ին հասել է $ 4,9 մլրդ-ի, ակտիվները`$ 7,3 մլրդ-ի, տարեկան աճը համապատասխանաբար կազմել է`12.3% և 9%, 2 տարի առաջ գրանցված` 23% և 16% փոխարեն: Բանկերի ընդհանուր զուտ շահույթը վերջին երկու տարիների ընթացքում նվազել է 30%, հուլիսի 1-ին կազմելով 12.4 մլրդ դրամ ($ 26 մլն), հիմնականում NPL-ի բացարձաի արժեքի կրկնակի աճի հետևանքով, որի մասնաբաժինը վարկային պորտֆելում 8% -ից աճել է մինչև 13%: