Արմինֆո. Հոկտեմբերի 18-21-ին Ծաղկաձորում անցնում է ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունների Սակագնային համաձայնագրի մասնակից երկաթուղիների Սակագնային համաժողովը: Բացելով նիստը՝ մասնակիցներին ողջունեց «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Նա ներկայացրեց Հայաստանի երկաթուղու պատմությունն ու ՀԿԵ-ի գործունեությունը:
ՙԳործունեության սկզբից՝ 2008 թվականից, Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ոլորտում կազմեցին 255 մլն դոլար, որոնք ուղղվեցին ենթակառուցվածքի արդիականացմանը և շարժակազմի թարմացմանը: Անցած տարիներին բարելավել են աշխատանքի որակական ցուցանիշները: Այժմ մեր վրացի գործընկերների հետ մենք համատեղ աշխատում ենք Իրանից եվրոպական երկրներ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման նախագծի շուրջ՚, - ասել է Ընկերության ղեկավարը:
Սերգեյ Վալկոն բեղմնավոր աշխատանք մաղթեց համաժողովի մասնակիցներին:
Հայաստանի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անունից միջոցառման մասնակիցներին ողջունեց Երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը:
Ծաղկաձորում անցնող համաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել կատարված աշխատանքի արդյունքները, փոփոխություններ կատարել Սակագնային համաձայնագրում, համաձայնեցնել Սակագնային քաղաքականությունը 2017 թվականի համար և որոշել հաջորդ նիստի անցկացման վայրը և ժամկետները:
«ՀԿԵե ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: