Արմինֆո. ՙԱրմենիա՚ ավիաընկերությունը խոստանում է դեկտեմբերի 11-ից վերականգնել Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ չվերթերը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել է ավիաընկերության ղեկավար Ռոբերտ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Ամանորին սպասվում է ուղևորների մեծ հոսք: Ելնելով դրանից՝ ավիաընկերությունը նախատեսում է վերականգնել դեպի Մոսկվա ուղղությունը հենց այդ ժամանակաշրջանում: Բացի դրանից, դեկտեմբերի 16-ից ավիաընկերությունը կբացի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը: ՙՉվերթը կիրականացվի շաբաթը երկու անգամ: Երևանից թռիչքը կլինի 17:30-ին, իսկ հակառակ ուղղությամբ՝ մոտավորապես 22:00-ին: Չվերթը կիրականացվի Boing ինքնաթիռով՝ նախատեսված 116 ուղևորի համար, որից 12-ը՝ բիզնես դասի՚,- հայտնել է ընկերության ղեկավարը: Նրա խոսքով, քննարկվում է նաև ղազախստանյան ուղղությունը, մասնավորապես՝ Ղազախստանի արևմուտք՝ Ակտյուբինսկ: ՙԱյսօր թռիչքներ ենք իրականացնում դեպի Մինվոդի և Թեհրան: Դեպի Եվրոպա թռիչքների համար ուղարկվել են փաստաթղթեր: Սպասում ենք հավատարմագրման՚,- նշել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ հավատարմագրման հաստատման դեպքում թռիչքները կսկսվեն հաջորդ տարվա գարնանից ոչ շուտ:
Հիշեցնենք, որ 2015 թ. մարտի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդի նիստում դրական եզրակացություն էր տրվել «Ավիակոմպանիա Արմենիա՚ ՍՊԸ-ին կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման հավաստագիր տրամադրելու վերաբերյալ: «Ավիակոմպանիա Արմենիաե ՍՊԸ-ի կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ստանալու համար ներկայացված հայտի համաձայն, ավիաընկերությունը նախատեսում է իրականցնել կանոնավոր օդային հաղորդակցություններ 17 ուղղություններով: Նախատեսվում էր, որ ապրիլի 21-ին ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կսկսի երկու ուղղությամբ` դեպի Թել Ավիվ և Մոսկվա: Այնուհետև ընկերությունը ձեռնամուխ կլինի կանոնավոր չվերթների իրականացմանը դեպի Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լառնակա: Գերակայուն ուղղությունների թվում է Ռուսաստանը, և ավիաընկերությունը ծրագրում է ՌԴ մայրաքաղաքից զատ թռիչքներ իրականացնել դեպի Սոչի, Դոնի Ռոստով, Մինվոդի, Սամարա, իսկ եվրոպական ուղղություններից` դեպի Գերմանիա և Իտալիա: Այսօրվա դրությամբ հիմնական ավիապարկը կազմված է Boeing 737-500, Boeing 737-700-ից՝ չնայած այն բանին, որ բիզնես պլանը հաշվարկվել է 6 ինքնաթիռի համար: Նախատեսվում էր նաև մեկ ամսվա ընթացքում իրականացնել 75 չվեչթ 6 ուղղությամբ, իսկ իրականում այժմ դրանք 2-ն են: Նշենք, որ «Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են՝ Աշոտ Թորոսյանը (51%), Ռոբերտ Հովհաննիսյանը (24%) և Թամազ Գաիաշվիլին (25%): Թամազ Գաիաշվիլին հանդիսանում է նաև վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիրը և այդ ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նրա նախկին տեղակալն է: